Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը փորձում է ճնշե՞լ Օլեգ Դուլգարյանին

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը փորձում է ճնշե՞լ Օլեգ Դուլգարյանին

ԷկոԼուր

Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը տեղեկացել է, որ Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի որոշ աշխատակիցները լուրեր են տարածում կոմբինատի աշխատակիցների շրջանում, թե ինքը մտադիր է փակել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: «Ասվում է, որ ֆաբրիկան կփակվի, կամ էլ եթե կարող եք, Օլեգի առաջը առեք, մենք ոչինչ չենք կարող անել:

Ֆաբրիկայի աշխատակիցները, երևի հավատալով, մտադիր են ակցիաներ կազմակերպել հենց իմ դեմ, որպես ֆաբրիկայի փակողի, որպեսզի ես հեռու մնամ այդ գործընթացից: Ասում են, եղել են առաջարկություններ նաև հանդիպել և ինձ հետ բացատրական աշխատանք տանել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Օլեգ Դուլգարյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Օլեգ Դուլգարյանի ղեկավարած «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական և չեխական «Արնիկա» ՀԿ-ների աշխատանքային խումբը Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետների հետ այցելել էին Ալավերդի և Ախթալա համայնքների հանքարդյունաբերական ձեռնարկություններին ազդակիր բնակավայրեր, տեղում վերցրել են տնամերձ հողամասերից հողի, բանջարեղենի, մրգի, կանաչեղենի նմուշներ և կենսանմուշներ շրջակա միջավայրի վրա վնասակար քիմիական նյութերի առկայության վերլուծության համար: Հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն 2019 թվականի վերջին: Տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման ապացուցման դեպքում տեղացիները կարող են դիմել դատարան և փոխհատուցում պահանջել աղտոտողներից՝ հանքարդյունաբերական ընկերություններից:

Այս գործընթացին է հաջորդել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների շրջանում ապատեղեկատվության տարածումը, թե «…ֆաբրիկան կփակվի, եթե կարող եք Օլեգի առաջն առեք»:

Այս կապակցությամբ Օլեգ Դուլգարյանը գրել է.
«Հարգելի ֆաբրիկայի աշխատավորներ, եթե կան այդպիսի պնդումներ կամ արտահայտություններ, որ ես ցանկանում եմ ֆաբրիկան փակել, կանգնեցել նրա աշխատանքները, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա պրովակացիոն, էժանագին քարոզչություն է , չկա նման բան:

Տարիներ շարունակ, տարբեր սեփականատերների ժամանակաշրջանում ես և իմ համախոհներն ահազանգել ենք և ահազանգելու ենք այն բնապահպանական խնդիրների մասին, որոնք առկա են Ախթալա խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում:

Մի քանի նկատառում,
1:Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես չեմ ցանկանում և երբեք չեմ ցանկացել ֆաբրիկայի աշխատանքների դադարեցում և նման հայտարարություններ երբեք չեմ արել, ոչ հասարակության շրջանում, ոչ նեղ շրջապատում:
2. Նույնիսկ ցանկության դեպքում ես չունեմ ֆաբրիկան փակելու իրավասություն, ֆաբրիկան միայն կարող են փակել սեփականատերը կամ պետությունը:
Փակելու հետ կապված շահարկումները, էժանագին պրովակացիայի արդյունքն են, որը ոճապես չի տարբերվում նախկին իշխանական համակարգի որդեգրած մեխանիզմներից, որոնց միակ նպատակը մարդկանց օգտագործելն է, սեփական թերությունները ծածկելն է, իրական խնդիրներից հասարակության ուշադրության շեղումն է՝ խաղալով բնակչության բարոյահոգեբանական վիճակի հետ, խորացնելով բարոյահոգեբանական մթնոլորտը համայնքում:
Իրական պահանջներն են, որոնց մասին ես և իմ համախոհները տարիներ շարունակ բարձրաձայնում ենք.
1. Գործող «Նահատակ» պոչամբարի ցանկապատում, ( Պատասխանատու է ընկերությունը)
2. «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիա միջազգային ստանդարտներին համապատասխան (Պատասխանատու են ընկերությունն ու պետությունը),
3. Ախթալայում չգործող, փակված պոչամբարների ռեկուլտիվացիայի իրականացում, ստանդարտներին համապատասխան (Պատասխանատու են ընկերությունն ու պետությունը)
4. Պայթուցիկների ձորի պոչամբարից տարիներ առաջ հանված և ճամփեզրին, Արամյանցի դղյակին մոտ տարածքում կուտակած թափոնների հեռացում տարածքից (Պատասխանատու է ընկերությունը):
5. Տարիներ առաջ Նազիկ պոչամբարից հանված և եկեղեցու աջ կողմի ձորում՝ Ախթալա գետակի ափին, կուտակված թափոնների հեռացում տարածքից ( Պատասխանատու է ընկերությունը) :
6. Պոչանքների պարբերական արտահոսքերի կասեցում Նահատակ պոչամբարից դեպի Դեբեդ գետ և Ախթալա գետակ անհայտ վայրերից (Պատասխանատու է ընկերությունը):
Այս ցանկը կարելի է երկար շարադրել, այդ թվում բնապահպանական, առողջապահական, գյուղատնտեսական անկման հետևանքներով, սակայն դրանք այն առաջնային խնդիրներն են, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

Թե ինչ հետևանքներ են թողնում այդ խնդիրները, տարիներ շարունակ բարձրաձայնել են գյուղացիները, ես՝ անձամբ, սակայն նախկին իշխանությունները թքած ունեին այդ իրողությունների վրա:

Հիմա պետական համակարգի փոփոխության արդյունքում այդ խնդիրները չեն կարող աննկատ մնալ, և այստեղ առկա է կոնստրուկտիվ մոտեցումների և խնդիրների լուծման կարիք:
Առավել քան վստահ եմ, բավարար կամքի դեպքում այս խնդիրները լուծելի են, իսկ մարդկանց ապակողմնորոշելը, մարդկանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը, իրենց բարոյահոգեբանական վիճակի և տրամադրությունների հետ խաղալը և ուղղորդելը անընդունելի, եթե նման երևույթ առկա է , ապա դա էժանագին արարք է և քրեորեն պատժելի»:

16:53 Օգոստոս 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news