Թեղուտի պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը. տեսչությունը գնացել է ահազանգի հետքերով

Թեղուտի պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը. տեսչությունը գնացել է ահազանգի հետքերով

ԷկոԼուր

Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը, ահազանգ հնչեցվեց մամուլում և սոցիալական ցանցերում: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում այն հաստատեցին Թեղուտի հանքավայրին ազդակիր Շնող գյուղի բնակիչները: Ահազանգի հետքերով է գնացել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ներկայում զննումներ է անցկացնում Թեղուտի պոչամբարի տարածքում, «ԷկոԼուր»-ին հայտնեց տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյանի խոսքով` աշխատանքները Թեղուտի լեռնահարստացման ֆաբրիկայում կանգնեցվել են հունվարի 10-ին: Ըստ բնակչի` արտահոսքերը Թեղուտի պոչամբարից պատահական չեն: «Արտահոսքերը եղել են ֆաբրիկայի աշխատանքը կանգնեցնելուց 10 օր հետո: Ես ենթադրում եմ, որ ընկերությունն արհեսատականորեն բաց է թողնում պոչերը Շնող գետ, որտեղից դրանք հետո լցվում են Դեբեդ գետը, որպեսզի խուսափի մեծ վթարներից: Պոչամբարը շատ արագ է լցվում, պոչերն արդեն լցվում են անվտանգության գոտի կոչվող տարածքը, որը նախատեսված է վթարային դեպքերի համար: Որքան ես եմ տեղյակ, պոչամբարի մակարդակն այնքան է բարձրացել, որ կարող է իրենց դամբան չդիմանալ և պայթել: Դա իսկական աղետ կլինի», - ասաց Շնողի բնակիչը: Լևոն Ալիխանյանը նշեց, որ գետերին մոտ գտնվող տների բնակիչները բողոքում են ուժեղ գարշահոտությունից, որը լինում է արտահոսքերի ժամանակ, ասում է` բնակիչներն անգամ կոկորդի ծակծկոցներ են ունենում:

Ալիխանյանի խոսքով` ֆաբրիկան կանգնեցնելուց հետո անորոշ վիճակում են հայտնվել այնտեղ աշխատող բնակիչները: «Աշխատողներին ոչ մի պարզաբանում չեն տվել` ինչի համար են կանգնեցնել, ինչ է սպասվում նրանց: Կես պաղպաղակի գնով մարդկանցից վերցրեցին իրենց հողերը, այսօր այդ մարդիկ չեն էլ կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, վարկեր են վերցրել այդ աշխատավարձի հույսով և հայտնվել այս անորոշ վիճակում: Այս մարդկանց տներում սուգ է, չգիտեն` ինչ է սպասվում իրենց» - ասաց Լևոն Ալիխանյանը:

Ստեղծված իրավիճակի հետ կապված «ԷկոԼուր»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ «Թեղուտ» ՓԲԸ-ից, որտեղից մեզ պատասխանեցին որ պարզաբանումներ կտան միայն պաշտոնական գրավոր հարցումի դեպքում:

17:18 Հունվար 22, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news