ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բուժիչ հանքային ջրի աղբյուրը ցամաքել է: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեց Լիճքի բնակիչ, «Սիրվան» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Հակոբյանը: Տեղեկությունը հաստատեց Լիճքի համայնքապետ Գնել Գրիգորյանը:
Լիճք համայնքի բնակիչների համաձայն՝ 2013 թվականի ամռանը համայնքի հանքային ջրի հանքավայրից ածխաթթու գազ կորզելու նպատակով առանց բնակիչների համաձայնության «Տեխնոման» ՍՊԸ-ն սկսել է այդ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնել, հորատանցքեր հորել: Գյուղացիները հերթափոխով հսկողություն են սահմանել աղբյուրի մոտ, որպեսզի շինարարությունը չշարունակվի: Արդյունքում, «Տեխնոման» ՍՊԸ-ն այդպես էլ չի շահագործել հանքային ջրի հանքավայրը, բայց հորատումներից հետո աղբյուրը ցամաքել է:
«Այդ հանքը ուներ 320 մետր խորություն, իսկ իրենք 400 մետր խորությամբ հոր էին խփել, և աղբյուրը փախել է: 8 ամիս ցամաքած է, կարող է մի ամիս ջուր դուրս տա: Հաշվեք չկա: Իրենք շարքից հանեցին այդ աղբյուրը», - ահազանգեց Համլետ Հակոբյանը:
«Դա իրականություն է, ջրի աղբյուրի ռեժիմը խախտվել է: Ես իրենց (ԷկոԼուր. «Տեխնոման» ՍՊԸ-ին) դիմել, առաջարկել եմ, որ գան, իրենց հորատած հորանցքը մաքրեն, որ ջուրը նորից գա: Իրենք պետք է գային, բայց չեն եկել: Նորից եմ առաջարկելու», - հայտնեց Լիճքի համայնքապետ Գնել Գրիգորյանը: Իսկ կվերականգնվի արդյոք ջրի աղբյուրի ռեժիմը հորանցքը մաքրելուց հետո, համայնքապետն էլ չգիտի:
Հարցին՝ ո՞րն էր պատճառը, որ «Տեխնոման» ՍՊԸ-ն դադարեցրեց իր աշխատանքները, Գնել Գրիգորյանը պատասխանեց. «Գազի պարունակությունները քիչ էր, իրենց ձեռնտու չէր, մենք էլ մեր հերթին չթողեցինք»:
Լիճքի հանքային ջրի աղբյուրը ունի բուժիչ հատկություններ: «Դա բուժիչ ջուր էր, բնակիչների համար պիտանի, մարդիկ խմում էին, երեխաներն ամռանը լողանում էին այդ աղբյուրում», - նշեց համայնքապետ Գնել Գրիգորյանը:
«6-7 հիվանդություն է բուժում այդ ջուրը՝ ալերգիաներ, ստամոքսի հիվանդություններ, շաքարային դիաբետ…Ես ունեցել եմ տուրիստ, ով ոտքերի և աղիքային լուրջ հիվանդություն ուներ: Ես առաջարկել եմ իրեն օգտագործել մեր հանքային ջուրը: Հիմա ինձ խնդրում են, որ այստեղից ցեխաջուր ուղարկեմ Ֆրանսիա, իսկ հանք արդեն չկա», - նշեց Համլետ Հակոբյանը:
Լուսանկարը վերցված է www.martuniinfo.blogspot.am կայքից:
Դեկտեմբեր 22, 2016 at 15:49