Ահազանգ. Կավարտի հանքավայրից հոսող դարչնագույն զանգվածն աղտոտել է Ողջի գետը

Ահազանգ. Կավարտի հանքավայրից հոսող դարչնագույն զանգվածն աղտոտել է Ողջի գետը

ԷկոԼուր

Ս.թ. մայիսի 6-ին Կապան քաղաքի տարածքում Ողջի գետը դարչնագույն երանգ է ստացել: Դա պայմանավորված է Կավարտի լքված հանքավայրի տարածքից տեղումների ժամանակ գետ հոսող թթվային անձրևաջրերով: Աղտոտված Ողջին նկարահանել է քաղաքացի Վրեժ Դիլանյանը՝ գրելով. «Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ ու նյութեր»: 

ԷկոԼուրի հետ զրույցում նա նշեց, որ անձրևների ժամանակ գետը միշտ նման վիճակում է հայտնվում:

Նշենք, որ Կավարտի հանքավայրից շրջակա միջավայր թթվային ջրերի տարածման, նաև Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգեր հնչեցվել են նախկինում ևս:

Ս.թ. հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կավարտի լքված հանքը կռեկուլտիվացվի:

Նա ասել էր, որ «Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով կսկսվեն հանքավայրի ռեկուլտիվացիայի աշխատանքները»: Մայիսի 5-ից Էրիկ Գրիգորյանն այլևս Շրջակա միջավայրի նախարարը չէ:

Սույն թվականի փետրվարին Էրիկ Գրիգորյանին ուղղված «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր. «Նախնական գնահատականներով, Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասի ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը կկազմի 3 մլրդ 277 մլն 800 հազար դրամ: Շրջակա միջավայրի նախարարությունը 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում տարածքի վերականգնման նախագծային փաստաթղթերի կազմման նպատակով հայցում է 820 միլիոն դրամ ֆինանսավորում»: 

Նշենք, որ Կավարտի հանքավայրը շահագործվել է դեռ խորհրդային տարիներից: Հետխորհրդային տարիներին հանքի շահագործման վերջին իրավունքը կանադական «Deno Gold Mining» ընկերությանն էր, որը սակայն 2011թ-ին հրաժարվեց հանքի շահագործումից առանց մինչև վերջ հանքի պաշարների արդյունահանման, համարելով այն ոչ շահութաբեր, և հանձնեց պետությանը: Մինչդեռ մասնագետները նշում են, որ Կապանի կենտրոնական հանքը պետք է շահագործվի մեկ այլ հանքի հետ համատեղ, քանի որ նրա պաշարները այնքան շատ չեն, որպեսզի ձեռնտու լինի առանձին շահագործել: Նման պայմաններում ոչ մի ներդրող չի համաձայնի առանձին շահագործել այդ հանքը: Այդպես էլ հանքը մնում է բաց՝ շարունակաբար աղտոտելով շրջակա միջավայրը:

2019 թ-ի ամռանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում տվեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ Կավարտի հանքավայրում «Deno Gold Mining» ընկերության կողմից կեղտաջրերի մոնիթորինգի և մաքրման պահանջը չիրականացնելու վերաբերյալ: Տեսչությունը նմուշառումներ էր կատարել և պարզվել էր, որ հանքավայրի տարածքում հողի ջրային մզվածքի միջավայրը թթվային է: 



14:24 Մայիս 07, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news