Պատգամավորներն ահազանգում են Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի արտահոսքերի մասին, իսկ Ախթալայի ԼՀԿ-ից պնդում են, որ պոչամբարից արտահոսք չունեն

Պատգամավորներն ահազանգում են Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի արտահոսքերի մասին, իսկ Ախթալայի ԼՀԿ-ից պնդում են, որ պոչամբարից արտահոսք չունեն

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և Գևորգ Գորգիսյանը սույն թվականի հունվարի 24-ին Լոռու մարզում ականատես են եղել, թե ինչպես է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (Ախթալայի ԼՀԿ)` պոչամբարից թունավոր արտահոսքերը հոսում շրջակա միջավայր և արտահոսքերը պատկերող տեսանյութ հրապարակել Facebook սոցիալական ցանցում: «Այրումի պոչամբարը լցվել է, ու թունավոր պոչանքը հեղեղատարերով, վտակներով, խողովակներով, մարդկանց տնամերձ հողամասերն աղտոտելով, լցվում է Դեբեդ գետը: Սա ընդամենը արտահոսքի մի տեղն է: Տեղի բնակիչների հողամասերում` ծառերի տակ, նույն մոխրագույն նստվածքն էր, ինչ արտահոսքերում,  տեսանք չորացած ծառեր, սատկած կենդանի: Խնդրի կարգավորման համար որևէ աշխատանք չէր իրականացվում: Մի ամիս առաջ էլ է եղել նման արտահոսք: Բարձիթողի վիճակ է ու անպատժելիության մթնոլորտ, ոչ մի երաշխիք չկա, որ խնդիրը կլուծվի, հանցագործություն է կատարվում օրը ցերեկով»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը:

Նա նշեց, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն` պատասխանատվության կանչելու շրջակա միջավայրը աղտոտողներին: Պատգամավորներ Լենա Նազարյանը և Գևորգ Գորգիսյանը խնդրի մասին հայտնել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Պատգամավորները պատրաստվում են հանդիպել Արծվիկ Մինասյանին և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանին խնդիրը քննարկելու և պատասխանատու մարմինների քայլերին տեղեկանալու համար:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի բնապահպանական և արտաքին բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հերքեց, որ կոմբինատի պոչամբարից արտահոսք է եղել: «Այրում գյուղին հարակից երկու պոչամբար կա` պայթուցիկ նյութերի պահեստավորման ձորում գտնվող պոչամբարը և Նահատակի պոչամբարը: Վստահեցնում եմ ձեզ, որ երկու պոչամբարից էլ արտահոսք չկա: Պոչամբարի վերևի հատվածից ջրահավաք ավազանի ջրերը և անձրևաջրերն են պոչամբարների կողքից և տակից ինժեներական կառույցների միջոցով դուրս գալիս»,-  ասաց  Գագիկ Շահնազարյանը: Նա նշեց, որ իրենք ամեն օր շրջայցեր և ստուգումներ են իրականացնում առաջացող խնդիրները հայտնաբերելու և վերացնելու համար:

Նահատակի պոչամբարը շահագործման է հանձնվել դեռ խորհրդային տարիներին:  1989թ-ին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքները դադարեցվեցին և ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով Նահատակի պոչամբարը մնաց բաց ու առանց վերահսկողության: 2009թ-ին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն  ընդլայնեց և վերագործարկեց այն:   2015թ-ին «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը մտադրություն հայտնեց նոր պոչամբար կառուցել Լոռու մարզի Մեծ Այրումի 12.10684 հա եւ Ճոճկանի 27.98901 հա գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, քանի որ Նահատակը լցվել էր: Ընկերության նախաձեռնությանը դեմ հանդես եկան տեղի բնակիչները և բնապահպանները: Գործընթացը սառեցվեց: 2017թ-ին     «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարեց, որ Նահատակի պոչամբարի մնացորդային ծավալը հնարավորություն կտա շահագործել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը ընդամենը 1 տարի: Ընկերությունը հայտ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որով հրաժարվեց նոր պոչամբար կառուցելու մտադրությունից և առաջարկեց  պոչերը պահեստավորել Շամլուղի  բաց հանքում: Հայտը ստացավ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի բնապահպանական և արտաքին բաժնի պետը ԷկոԼուրին հայտնեց, որ 3-4 ամիս հետո Նահատակի պոչամբարի շահագործումը կդադարեցվի, և պոչերը չորացվելու են և պահեստավորվեն Շամլուղի բաց հանքի տարածքում` այնտեղ, որտեղից արդյունահանվել է հանքաքարը:  Իսկ Նահատակի պոչամբարի ռեկուլտիվացումը, ըստ Գագիկ Շահնազարյանի, նախատեսված է իրականացնել 2018-2019 թվականների ընթացքում:

15:39 Հունվար 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news