«S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց Ազգային ժողովի դիմաց

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց Ազգային ժողովի դիմաց

ԷկոԼուր

Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի վերաբերյալ օրինագծի քննարկմանը զուգահեռ «S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց Ազգային ժողովի դիմաց:

«Սևանում հավելյալ ջուր չկա, հանգիստ թողեք Սևանը...Սևանը ձեզ համար լողավազան չէ…Մեր քաղցրահամ ջրերը հարկավոր են նաև մեր հաջորդ սերունդների համար, դուք իրավունք չունեք որոշելու Հայաստանի ապագան…Պահանջում ենք հանրային լսումներ, պահանջում ենք հանրության կարծիքը հաշվի առնել…», - իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին նախաձեռնության անդամները:

«Սևանա լիճն այս տարի է միայն հազիվ սկսել ուշքի գալ...անօրինական, անհիմն հիմնավորում է եղել, և ոչ մի կարիք չկա Սևանա լճից վերցնել այդ լրացուցիչ ջուրը», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նա նշեց, որ զուգահեռ բողոքի ակցիա է անցկացվում նաև Գեղարքունիքի մարզում ՝ Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ:

Նախաձեռնության անդամների կարծիքով՝ օրինագծի նպատակը Սևան-Հրազդան հիդրոկասկադի համար լրացուցիչ եկամուտ ապահովելն է: «Այստեղ էներգետիկայի խնդիր կա: Երբ պատկան մարմիններին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք դա արվում է էներգիա ստանալու համար, պատասխանեցին՝ այո, մենք չենք կարող ժխտել, ջուրն անցնում է Սևան-Հրազդան կասկադով, էներգիա է ստացվում, բայց նաև ոռոգման համակարգի համար է: Արդեն պարզ է, թե սա ինչ խաղ է», - ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ օրինագծում բառ անգամ չկա ոռոգման մասին, հստակ գրված է, որ ջուրը տրվում է էներգետիկ նպատակներով: Նազելի Վարդանյանը համեմատել է օրինագիծը բնապահպանական օրենսդրության հետ և դուրս բերել հակասություններ: «Օրինագիծը հակասում է «Սևանա լճի մասին» օրենքով հաստատված սկզբունքներին, որտեղ նշված է, որ Սևանի հաշվեկշիռը չպետք է բացասական լինի, իսկ մեր հաշվարկներով արդեն այսօրվա թվերով, եթե իրենք մանիպուլյացիա չանենին և կեղծ թվեր չներկայացնեին, արդեն լճի հաշվեկշիռը բացասական է», - ասաց Նազելի Վարդանյանը:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասաց. «Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ոչնչացման արդյունքում հիմա Սևանի հույսով ուզում են այդ ջրերն ապահովել: Բացի այդ, ձկնաբուծարանները, որոնք այնտեղ էլ չեն կարող աշխատել, ուզում են տեղափոխել Սևան և Սևանը դարձնել ձկնաբուծարան»:

«Սա վատագույն որոշումներից մեկն է, որը կարելի էր իրականացնել Սևանի նկատմամբ...պարտավոր են հաշվի առնել ժողովրդի կարծիքը Սևանից ջուր բաց թողնելուց առաջ», - նշեց բնապահպան Կարինե Փանոսյանը:

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հատուկ շնորհակալություն է հայտնում ակցիային մասնակցող բոլոր լրագրողներին, օպերատորներին և լուսանկարիչներին, ԶԼՄ-ներին:


Մանրամասները՝ տեսանյութում:



Հուլիս 04, 2017 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր