Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ուղղակիորեն հետաքրքրված է Սևանա լճից հավելյալ ջրբացթողումներով

Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ուղղակիորեն հետաքրքրված է Սևանա լճից հավելյալ ջրբացթողումներով

ԷկոԼուր

Հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաստատեց Սևանա լճից ջրառի սահմանային թույլատրելի ծավալը 100 միլիոն խմ-ով գերազանցող ջրբացթողումների օրինագիծը՝ ի հակադրումն փորձագետների, «S.O.S. Սևան» հասարակական նախաձեռնության, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ներկայացրած փաստերի և հիմնավորումների, ինչպես նաև ի հակադրումն Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների բողոքի ակցիաների:
Ո՞ւմ է ձեռնտու Սևանից լրացուցիչ ջրբացթողումները: Ո՞վ է հետաքրքված, որպեսզի լճի մակարդակը չբարձրանա: Պատասխանը մասնակիորեն հնչեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ելույթում, ով նշեց ոռոգման համակարգում տեղի ունեցող ջրի մեծ կորուստների մասին, նաև Սևանի ափին ապօրինի կառույցների մասին, որոնք կարող են հայտնվել ջրի տակ http://ecolur.org/hy/news/sevan/disputes-at-national-assembly-how-to-deal-with-lake-sevan/9296/:

Այս հրապարակումը նվիրված է Սևան-Հրազդան հիդրոկասկադին, որը էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործում է Սևանա լճի ջուրը: 2001 թ-ին «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Սևանից ջրբացթողումները հնարավոր են միայն ոռոգման համար: Սևան-Հրազդան ջրատարի փականները բացվում են միայն ոռոգման շրջանում, այն ժամանակահատվածում, որը յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Միայն այս ժամանակահատվածում Սևան-Հրազդան հիդրոկասկադը կարող է օգտագործել ջուրը, որը նախ անցնում է էլեկտրակայանների կասկադով, իսկ հետո ուղղվում է ոռոգման համար:

Սևան-Հրազդան հիդրոկասկադը 2003 թ-ին Հայաստանի կառավարության կողմից փոխանցվել է ռուսական պետական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը՝ Ռուսատանին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի համար մատակարարվող միջուկային վառելիքի համար Հայաստանի ունեցած պարտքի դիմաց: Նրա գնահատված արժեքը կազմել է ընդամենը 25 միլիոն դոլլար: Այդ նպատակով գրանցվեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերությունը: Նշենք, որ հիդրոկասկադի իրական արժեքը փորձագետները գնահատել են շուրջ 500 միլիոն դոլլար, այսինքն, 20 անգամ ավելի գնահատված արժեքից:

Այս գործարքը Հայաստանի համար չափազանց անշահավետ էր, քանի որ կասկադի դիմաց շատ ցածր գինը թույլ չտվեց ամբողջովին վճարել միջուկային վառելիքի դիմաց ունեցած պարտքը: Հետագայում Ռուսաստանին ի հավելումն փոխանցվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի ֆինանսական կառավարումը, որը նա օգտագործեց բացառապես իր ծախսերը ծածկելու համար:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի սեփականության մեջ են մտնում Սևան-Հրազդան կասկադի 7 հիդրոէլեկտրակայանները, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում Հրազդան գետի վրա: Կայանները օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջուրը: Կասկադի բոլոր հիդրոէլեկտրակայանները գործում են: Դրվածքային հզորությունը 561 Մվտ է, իսկ արտադրատեխնոլոգիական ներուժը՝ 500 միլիոն Կվտ/ժ, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի ներքին սպառման 10 %-ը: 2011 թ-ի մարտի 24-ին «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն ձեռք բերեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Ներկայում, համաձայն ռուսական հեղինակավոր «Կոմմերսանտ» հրատարակությանը (https://www.kommersant.ru/doc/3280628), «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն պատրաստ է վաճառել Սևան-Հրազդան հիդրոկասկադի բաժնետոմսերի 90 %-ը: Այս մասին «Կոմմերսանտ»-ին հաղորդել է Էներգահոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: Նրա խոսքերով՝ «ՌուսՀիդրո»-ն ճանաչել է հայկական ՀԷԿ-երը ոչ պրոֆիլային, առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կիրականացնի դրանց գնահատումը և կձևավորի առաջարկությունների պորտֆել պոտենցիալ գնորդների կողմից: Ընկերությունում պարզաբանել են, որ համապատասխան բանակցություններ նախաձեռնվել էին դեռ 2016 թ-ին: «ՌուսՀիդրո»-ն ներգրավել է ֆինանսներ ՀԷԿ-երի տեխնիկական վերազինման ծրագրի համար, բայց հոլդինգի նոր ռազմավարությունը «չի ենթադրում արտասահմանյան ակտիվների պորտֆելի աճ»: «Կոմմերսանտ»-ի աղբյուրները նշում են, որ կասկադում էլեկտրաէներգիայի արտադրությունն ընկել է գետի սակավաջրության պատճառով 2016 թ-ին: Սա համապատասխանում է իրականությանը մասնակիորեն: Իրականում կարևոր գործոններից մեկը՝ Սևանա լճից օրենքով հաստատված ջրբացթողումների սահմանափակումն է: Այս մասին ոչ ռուսական որևէ հրատարակության մեջ, ոչ էլ «ՌուսՀիդրո»-ի կայքում ասված չէ: Հնարավոր է, ընկերությանը ձեռնտու չէ ներկայացնել այս սահմանափակումը պոտենցիալ գնորդներին:
Այսպիսով, Սևան-Հրազդան հիդրոկասկադի շահավետ վաճառքի համար անհրաժեշտ է մեծացնել նրա գրավչությունը և ավելացնել, թեկուզ արհեստականորեն, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: Ստացվում է, որ եթե մոտ ապագայում գնորդ չգտնվի, ապա հետագայում էլ «ՌուսՀիդրո»-ի սեփականատերերը կցանկանան մեծացնել կասկադի արտադրողականությունը Սևանից լրացուցիչ ջրառի հաշվին:

Այստեղ որպես ուղղակիորեն հետաքրքրված կողմ հանդիսանում է «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն, «ՌուսՀիդրո»-ի կառավարման խորհրդի կազմը. Խորհրդի նախագահ, «ՌուսՀիդրո» ՀԲԸ-ի գլխավոր տնօրեն ՝ Շուլգինով Նիկոլայ Գրիգորևիչ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Բոգուշ Բորիս Բորիսովիչ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Կազաչենկով Անդրեյ Վալենտինովիչ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Կիրով Սերգեյ Անատոլևիչ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Մարկին Վլադիմիր Իվանովիչ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Ռիժինաշվիլի Ջորջ Իլիչ: Հաջորդ հետաքրքրված կողմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն է, որը ևս փոխկապակցված է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ և որի կազմի մեջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մտավ 2006 թ-ին: 2015 թ-ի սեպտեմբերի 30-ին «Ինտեր ՌԱՕ» ՀԲԸ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև ստորագրվեց պայմանագիր Հայաստանի էլեկտրաէներգիական ակտիվների ձեռքբերման վերաբերյալ: Գլխավոր տնօրենը Հարությունյան Կարեն Սերեժաևիչն է: Հաջորդ հետաքրքրված կողմերը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է և Ասիական զարգացման բանկը, որոնք տրամադրել են յուրաքանչյուրը 25 միլիոն դոլլարի վարկ Սևան-Հրազդան էներգետիկ հիդրոկասկադի 7 կայանների սարքավորումների վերազինման և արդյունավետության բարձրացման համար:

16:07 Օգոստոս 07, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news