ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքը` Սևանում թռչունների անկումների և որսագողության մասին հրապարակման վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքը` Սևանում թռչունների անկումների և որսագողության մասին հրապարակման վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է Սևանա լճի սառցակալման հետևանքով թռչունների անկումների և որսագողության մասին ԷկոԼուրի հրապարակմանը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի մակերևույթի սառցակալման առաջին իսկ օրերից սահմանել է խիստ հսկողություն թռչունների պահպանության համար: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ մասնավորապես Սևանի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են ամենօրյա ստուգայցեր և շրջայցեր որսագողության կանխման, ինչպես նաև թռչունների վիճակի գնահատման համար, իսկ ՀՀ ոստիկանության Մարտունու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ հերթապահություն է իրականացվում Արփա գետի գետաբերանում, որտեղ մի փոքր հատված ազատ է սառույցից և տեղի են ունենում թռչունների կուտակումներ: Հսկողություն է սահմանված նաև «Նորաշենի» արգելոցում արծաթափայլ որորի պահպանման համար, քանի որ լճի սառցակալման հետևանքով չի բացառվում, որ մարդիկ մոտենան ճայերի կղզյակներին:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի կողմից նաև ինտնեսիվ դիտարկումներ են իրականացվում սև փարփարի, կռնչան բադի, կարմրագլուխ սուզաբադի և մեծ սուզաբադի պոպուլյացիների նկատմամբ:

Կապված եղանակային պայմանների հետ, Սևանա լճի հարակից շատ դաշտեր զուրկ են ձնածածկույթից և սև փարփարի պոպուլյացիան ինտենսիվ սննդառվում է հենց այդ տարածնքերում: Իսկ այն թռչունները, որոնք սնվում են ջրային կենդանիներով և այլ անողնաշարավորներով, հիմնականում տեղափոխվել են Սևանա լճին հարակից ձկնաբուծարանների և գյուղացիների մասնավոր տարածքները, որտեղ կան լճակներ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ամբողջ անձնակազմը հրահանգավորված է, իսկ ազգաբնակչությունը և մասնավոր կազմակերպությունները իրազեկված են թռչուններին չվնասելու և թռչուններ նկատելու դեպքում անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տեղեկացնելու մասին: Իրազեկման աշխատանքները շարունակվում են և այդ աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության մարզային աշխատակիցները:

Մամուլի հրապարակումներում հայտնված սառույցը կոտրելու առաջարկի վերաբերյալ հարկ է նշել որ Սևանա լճի սառույցը կոտրելու աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել, քանի որ համապատասխան տեխնիկական միջոցներ չկան, իսկ մարդկային ռեսուրսների միջոցով դրա իրականացումն իր մեջ կրում է բազմաթիվ վտանգներ:

Թռչունների արհեստական կերակրման առաջարկի հետ կապված հարկ է նշել, որ մշտական դիտարկումները շարունակվում են և որևէ խնդիր առաջանալու դեպքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կփորձի իրականացնել արհեստական կերակրում, որը, սակայն, նախընտրելի չէ, և պետք է իրականացնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, քանի որ մադկանց կողմից թռչունների արհեստական կերակրումը կարող է նրանց մոտ առաջացնել պայմանական ռեֆլեքս՝ մարդկանցից չվախենալու և մարդկանց վստահելու հետ կապված, որն էլ կարող է թռչուններին դարձնել որսագողության և այլ վտանգների թիրախ:

Ըստ կանխատեսումների սառցակալումը կշարունակվի մինչև մարտի վերջ և կերային բազայի հետ կապված խնդիրներ առաջանալու պարագայում ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կձեռնարկի միջոցներ և կիրականացնի համապատասխան միջոցառումներ:
Վերոնշյալ միջոցառումներին զուգահեռ, ՀՀ բնապահպանության նախարարությունն անմիջապես արձագանքել է խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների դիմումներին և վերջիններիս հրավիրել գերատեսչություն` քննարկումներ կազմակերպելու և իրավիճակի մասին իրազեկելու նպատակով: Որսագողության վերաբերյալ հրապարակումների հիմքով, բացվել են Թեժ գծեր և ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունն իրականացնում է համապատասխան միջոցառումներ»:

Լուսանկարը` Մամիկոն Ղասաբյանի

14:15 Մարտ 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news