ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը «S.O.S. Սևան» նախաձեռնության` ՀՀ Նախագահին ուղղված նամակին

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը «S.O.S. Սևան» նախաձեռնության` ՀՀ Նախագահին ուղղված նամակին

ԷկոԼուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված «S.O.S. Սևան» նախաձեռնության նամակին պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ 72 կազմակերպություն ներկայացնող «S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի ՀՀ ԱԺ ներկայացրած Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը հետ կանչելու և ընդհանրապես օրակարգից հանելու համար, ինչպես նաև պատասխանատվության ենթարկի ջրի կորուստների համար պատասխանատուներին և օրենքի նախագծի հիմքում ընկած կեղծ տվյալներ ներկայացրած անձանց: Օրենքի նախագիծն ընդունվեց, և այժմ Սևանա լճից արդեն ջրառը հասել է լրացուցիչ 100 միլիոն մ3-ին:

Պատասխան նամակով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանը հայտնել է. «Ի պատասխան Ձեր կողմից ՀՀ Նախագահին ուղղված գրության կապակցությամբ ՀՀ վարչապետի 2017թ. հուլիսի 26-ի N 02/24.9/17106-17 հանձնարարականի` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի» (այսուհետ` Օրենքի նախագիծ) հիմնավորումն արտացոլված է Օրենքի նախգծի 2-րդ հոդվածում և նրան կից հավելվածում:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ըստ անհրաժեշտության հաշվարկվել են ջրամբարներում ջրի ծավալները, ինչպես նաև գետերի ջրատվությունները, որոնց հիման վրա հաշվարկվել է առաջացած ջրի դեֆիցիտը:

2001-2012թթ. ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացված Համաշխարհյին բանկի «Ոռոգման զարգացման համակարգ» վարկային ծրագրի կատարման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվել է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի էլեկտրոնային կայքում:

2013-2014թթ. «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի համակարգում ձևավորված կորուստները գտնվել են համակարգի համար սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, որոնք սակայն տարբեր տարիներին տատանվել են` կախված եղանակային պայմաններից:

2017թ. ջրամբարների թերի լցվածությունը պայմանավորված է եղել ձնհալի ժամանակ տեղումների քանակի սակավությունից և եղանակի կտրուկ տաքացումից, որի ժամանակ հոսք չի առաջացել:
2001-2017թթ. Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի ծավալի ավելացումը Օրենքի նախագծում հստակեցվել է, ինչպես նաև Օրենքի նախագիծը լրամշակվել է` հաշվի առնելով 2011թ. հունվարին Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտումը/կոլորացիան:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողման խնդիրը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրության կենտրոնում, և այս գործընթացը խստորեն վերահսկվելու է: Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունը հանդիսանում է ՀՀ բնապահպանության նախարարության գերակա խնդիրներից: Այս է պատճառը, որ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության միջոցառումներն ամրգրված են ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N1060-Ա, 2017 թվականի հունվարի 12-ի «ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N122-Ն2017թվականի հունիսի 19-ի «ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի մասին» ՀՀ կառավարության N646-Ա որոշումներում:

Հաշվի առնելով խնդրի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է կազմակերպել համատեղ քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` վերոնշյալ հարցի և ընդհանրապես ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ»:

16:46 Օգոստոս 11, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news