ՀՀ Նախագահը ԱԺ պատգամավորներին` անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման միջոցառումներ

ՀՀ Նախագահը ԱԺ պատգամավորներին` անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման միջոցառումներ

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով: Շնորհավորելով պատգամավորներին` նա մասնավորապես ասել է.

«…Բոլոր ժամանակներն էլ իրենց խնդիրներն են առաջացնում. մենք այս դահլիճում կայացրած որոշումների արդյունքում ավելի քիչ խնդիրներ ունեցող հայրենիք պիտի փոխանցենք մեր սերունդներին, ավելի հզոր, իր ոտքերի վրա ամուր կանգնած պետություն պիտի փոխանցենք մեր սերունդներին:

…Մենք չունենք ածխաջրածիններ և մեծաքանակ այլ բնական ռեսուրսներ, սակայն Հայաստանի եզակի բնակլիմայական պայմաններն ու աշխարհագրական դիրքը և ամենակարևորը՝ ստեղծագործ ու նախաձեռնող քաղաքացիները մեր տնտեսության երկարատև կայուն աճի ու մարդկանց բարեկեցության բարձրացման կարևոր և իրատեսական գրավականներն են: Բնական պաշարները սպառվելու հատկություն ունեն, մարդկային ներուժը՝ ոչ։ Ավելին, այն կարող է մեծանալ:

…Մեր երկիրը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ապրելու և ինքնադրսևորվելու ամենաբարենպաստ և ապահով երկիրը: Այդպիսին դառնալու գործընթացին յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր մասնակցությունը՝ ձևավորելով ուժեղ և արդար պետություն: Մեր նպատակին հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

…Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ և արդյունավետ համակարգի անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի և ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը:

Բնապահպանական հստակ չափորոշիչներին համապատասխանությունը պետք է լինի քաղաքաշինական և գործարար ծրագրերի իրականացման նախապայման: Անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ ապահովելով երկարաժամկետ կայուն կենսաբազմազանության ստեղծումը»:

Մայիս 19, 2017 at 13:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր