2019թ-ին Սևանա սիգի կենսապաշարը հաշվարկվել է 3000 տոննա

2019թ-ին Սևանա սիգի կենսապաշարը հաշվարկվել է 3000 տոննա

ԷկոԼուր

2019թ-ին Սևանա լճում սիգի կենսապաշարը հաշվարկվել է 3000 տոննա, որից արդյունագործական է 750 տոննան: Այդ 750-ից թույլ կտրվի որսալ 150 տոննան: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշել է, որ մշակվում է օրինագիծ, որով Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակ կարգելվի նաև դրա վաճառքը: «Տեսչական մարմնի կողմից առաջարկ ենք ստացել կանոնակարգելու վաճառքի փուլը: Օրենսդրական կազուս կա. որսը արգելել ենք, բայց վաճառքը որևէ կերպ արգելված չէ: Կարծում եմ, օրենսդրական կարգավորում պետք է տրվի: Կաշխատենք այնպես, որ որսը արգելված լինելու ժամանակ վաճառքը նույնպես արգելվի: …Օրինական դաշտ մտնելու դեպքում կկարգավորվեն նաև ձկան գնի հետ կապված հարցերը: Անընդունելի է, երբ բնական միջավայրում բնական կերով առկա կենսապաշարը վաճառվում է 30, 40 կամ 50 դրամով: Օրինական դաշտ բերելով՝ մենք կխթանենք, որպեսզի ձուկը մոտենա իր գնին՝ խթանելով նաև որսի նվազեցումը, միևնույն ժամանակ հստակ սահմանափակելով ձվադրման ժամանակ որսի դրսևորումներ, ինչպես նաև այդ ժամանակահատվածում մանրաձական որսը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մինչև 2019թ-ը Սևանա լճում խեցգետնի և ձկների պաշարների հաշվառման և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը: 2019թ-ին Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճում խեցգետնի և ձկների պաշարների հաշվառման և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանման համար մրցույթ չի հայտարարել: «Դա նշանակում է, որ հաջորդ տարի մենք ընդհանրապես չենք ունենալու լճում ձկների և խեցգետնի թույլատրելի որսաչափ»,- ասել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը մայիսի 8-ին կայացած Բնապահպանական հանրային դատարանի՝ «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործի քննության ժամանակ:

Հունիս 13, 2019 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր