2017թ-ի ընթացքում ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր

2017թ-ի ընթացքում ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր

ԷկոԼուր

2017թ-ի ընթացքում ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնի մինչև 170 միլիոն խմ ջուր: Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստում:

170 միլիոն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով թույլատրվում է վերցնել Սևանա լճից:

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող հողատարածությունների մակերեսը 2017թ-ին կազմել է շուրջ 39 հազար հա: ՀՀ կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տարիների փորձը ցույց է տալիս, որ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելու համար անհրաժեշտ է լինում Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքները սնող պոմպակայաններով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրություն իրականացնել՝ ինչը բերում է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է Սևանա լճում կուտակված ջրից 1 միլիարդ վերցնել առաջիկա 3 տարիների ընթացքում տնտեսապես արդյունավետ օգտագործման համար: Այս նպատակով հանձնարարան է ուղարկվել ՀՀ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և ՀՀ գյուղատնտեսության նախարարություններ, որպեսզի համատեղ ներկայացնեն Սևանա լճում կուտակված հավելյալ ջրի (1.0 մլրդ մ3) առաջիկա 3 տարվա ընթացքում տնտեսապես արդյունավետ օգտագործման լրացուցիչ ծախսերի ֆինանսական գնահատական՝ հաշվի առնելով բնապահպանական խնդիրները և առաջիկայում էներգետիկ ոլորտում կայունացման ֆոնդ ձևավորելու հանգամանքը:
ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկել է Սևանից հավելյալ ջրառ չիրականացնել` նշելով դրա բացասական հետևանքները լճի վրա:

2017թ-ի մայիսի 4-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.72մ է:

18:21 Մայիս 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news