Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է. այս տարվա թեման է «Ջուրը և կլիմայի փոփոխությունը»

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է. այս տարվա թեման է «Ջուրը և կլիմայի փոփոխությունը»

ԷկոԼուր

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը: 2020 թ-ի թեման է «Ջուրը և կլիմայի փոփոխությունը»:

Ջրի համաշխարհային օրը ՄԱԿ-ի կողմից սահմանվել է 1993 թ-ին: Նպատակն է ընդգծել աշխարհում քաղցրահամ ջրի կարևորությունը: Ըստ ՄԱԿ-ի՝ ներկայում 2.2 միլիարդ մարդու համար մաքուր ջուրն անհասանելի է: Ջրի համաշխարհային օրվա նպատակներից է նաև աջակցել՝ հասնելու կայուն զարգացման նպատակներից 6-ին `ջրամատակարարում և սանիտարիա բոլորի համար մինչև 2030 թ-ը:

Հայաստանում ջրային ռեսուրսների վրա ևս ազդում է կլիմայի փոփոխությունը: Տարեցտարի դիտվում է գետային հոսքերի, ջրամբարների լցվածության նվազում:  

Հայաստանի համար ռազմավարական առջանահերթություն համարվող քաղցրահամ ջրերի շտեմարան Սևանա լճում ինտենսիվացել են ճահճացման գործընթացներ՝ պայմանավորված ինչպես լճի մակարդակի արհեստականորեն իջեցմամբ, լճում աղտոտիչների կուտակմամբ, այնպես էլ գլոբալ տաքացմամբ: Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության տարբեր սցենարներով՝ Սևանա լճի ջրի ջերմաստիճանը մինչև 2100 թ-ը բազիսայինի նկատմամբ (9.40) կբարձրանա 3.6-40C-ով: Սևանա լճի ներհոսքը բազիսայինի նկատմամբ (787 մլն խմ) 2030 թ-ին կնվազի ավելի քան 50 մլն խմ-ով, 2070 թ-ին` ավելի քան 110 մլն խմ-ով, և 2100 թ-ին`մոտ 190 մլն խմ-ով: Այսինքն, լճի մակարդակը կսկսի իջնել տարեկան մոտ 16սմ-ով: Կլիմայի փոփոխման պայմաններում հաշվարկված է, որ եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, լիճը կկորցնի 71 մլն խմ ջուր, իսկ տեղումների կրճատման դեպքում` ևս 36 մլն խմ:

Երկար տարիների դադարից հետո թեպետ այս տարի տարեսկզբից Արփա-Սևան թունելը գործում է, և Սևանա լիճ է ներհոսել մարտի 20-ի դրությամբ արդեն 28.407 միլիոն խմ ջուր, սակայն լճի մակարդակն իր բարձրացման տեմպով հավասար է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշին՝ 1900.44 միլիոն խմ, այն դեպքում, երբ նախորդ տարի Արփա-Սևան թունելը ձմեռվանից Սևանա լիճ ջուր չի տեղափոխել:

Ցածր է նաև ջրամբարների լցվածությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վերջին` մարտի 20-ի տվյալներով՝ Հայաստանի ջրամբարներն ունեն  ցածր լցվածություն՝ բացառությամբ Ախուրյանի ջրամբարի: Այսպես՝

525 մլն/խմ տարողությամբ Ախուրյանի ջրամբարի լցվածությունը 293 մլն/խմ է:

105 մլն/խմ տարողությամբ Արփի լճի լցվածությունը 8.60 մլն/խմ է:

91.0 մլն/խմ տարողությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը 19.7 մլն/խմ է:

70.0 մլն/խմ տարողությամբ Ազատի ջրամբարի լցվածությունը 23.2 մլն/խմ է:

24.0 մլն/խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարի լցվածությունը 3.73 մլն/խմ է:

Նշենք, որ Հայաստանում տեղումների քանակ 1935-2016 թթ․  նվազել է 9%-ով։

Կլիմայի փոփխության երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ կանխատեսվում է գետային հոսքերի կրճատում 11,9%-ով 2030 թ․, 24%-ով՝ 2070 թ․ և 37,8%-ով՝ 2100 թ.:

Բացի կլիմայի փոփոխությունը, Հայաստանում ջրի խնդիրներից են ջրային ռեսուրսների գերշահագործումը, աղտոտումը կոյուղաջրերով, արտադրական արտահոսքերով, կենցաղային աղբով: Մյուս խնդիրն էլ ջրային ռեսուրսների թերի կառավարումն է, ջրակորուստները, Հայաստանի բազմաթիվ համայնքների որակյալ խմելու և ոռոգման ջրով չապահովելը: Այսօր ՀՀ քաղաքացիները պայքարում են ջրի նկատմամբ իրենց հիմնարար իրավունքի պաշտպանության համար: Այդ իրավունքի պաշտպանության վառ օրինակներից է Ամուլսարի ծրագրի դեմ պայքարը՝ պայքար հանուն մաքուր բնության, հանուն մաքուր գետերի ու ջրամբարների, հանուն Սևանա լճի, հանքային ջրի:  

17:20 Մարտ 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news