Սևանա լճից 2 ավտոմեքենա ավազ են հանել

Սևանա լճից 2 ավտոմեքենա ավազ են հանել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության տեսչության աշխատակիցները արձանագրել են Սևանա լճից երկու ավտոմեքենա ավազի դուրս բերման դեպք: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ դեպքի առնչությամբ կազմվել է հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման վերաբերյալ արձանագրություն: Իրավախախտի նկատմամբ կիրառվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանք: Ավազը դատարկվել է տեղում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աղբյուրի համաձայն` Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է /տիրազուրկ/ 939 հատ /155.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», Մարտունու թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության Մարտունու բաժնի կողմից համատեղ կազմվել է 9.5կգ խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք` 50.0 հազար դրամի, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված խեցգետնի ապօրինի որսի դեպքի արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Կազմվել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի ձկնորսություն է բացահայտվել նաև Շիրակի և Վայոց ձորի մարզերում, ապօրինի ծառահատման դեպքեր` Լոռւ և Կոտայքի մարզերում: Արարատում հայտնաբերվել է վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար տուգանքներ են նշանակվել Արարատի, Արագածոտնի և Երևանի 3 տնտեսվարողների նկատմամաբ:

Ընդհանուր առմամբ 15.05-20.05.2017թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480.0 հազարդրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 113.75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 միլիոն դրամ:

13:09 Մայիս 23, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news