Հանրային բնապահպանական դատարանը կքննի Աստղաձորի ջրի խնդիրը

Հանրային բնապահպանական դատարանը կքննի Աստղաձորի ջրի խնդիրը

ԷկոԼուր

ԷկոԼուրի թիմը տարածում է հանրային դատավարությունների անցկացման իր փորձը մարզերում՝ առաջարկելով այս նոր մեթոդով բարձրաձայնել սոցիալ-էկոլոգիական խնդիրները, բարձրացնել պետական պաշտոնյաների և բիզնես հատվածի պատասխանատվությունը որոշումների ընդունման գործընթացում: Նոյեմբերի 27-ին ԷկոԼուրի թիմը հանրային արդարադատության վերաբերյալ քննարկում անցկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ինֆոտանը: Քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Վերին Գետաշեն համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն խնդիրները, որոնք, չնայած տեղի բնակիչների և հասարակական կազմակերպությունների ակտիվ ջանքերի, չեն գտել իրենց արդարացի լուծումները օրենքների բացահայտ խախտումների պայմաններում: Որոշ դեպքերում որոշումների ընդունումը պաշտպանել է տեղի «հեղինակությունների» շահերը:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը բարձրացրեց Սևանա լճի ափին նախատեսվող աղբի վերամշակման հանգույցի հետ կապված խնդիրը:

«Լճի ափին՝ Մարտունի քաղաքի մարքման կայանի տարածքում, Վարդենիսի, Գավառի, Մարտունու աղբը բերելու են, լցնեն: Պռես են անելու ու տանեն Չարենցավան: Ինձ պատմում են, որ այնպես են անելու, որ ոչ մի հոտ չի գալու, ոչ մի թուղթ չի ընկնելու: Գետն այստեղ է, լիճն՝ այստեղ, ո՞նց կարող են այստեղ բերել: Ավագանին արդեն տվել է հավանություն»,- ասաց Անահիտ Գևորգյանը:

Գեղարքունիքի բնակիչները որպես խնդիր նշեցին նաև միջհամայնքային ավտոբուսների մաշվածությունը, անսարքությունը և անվտանգության ռիսկերը: «Խախտվում է մեր անվտանգ տեղաշարժման իրավունքը»,- ասացին նրանք:

Աստղաձորի բնակիչները բարձրաձայնեցին իրենց խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Աստղաձորի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրի իրենց հիմնական աղբյուրից՝ Աստղաձոր գետից: Դեպի համայնք մտնող գետի ջուրն 2016թ-ին ամբողջությամբ տեղափոխվել է հարևան Զոլաքար համայնք «Համայնքների գյուղատնեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրերի իրականացման արդյունքում: Ծրագրերն իրականացվել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային միջոցներով գյուղատնտեսության զարգացման համար:

Այդ ծրագրերի իրականացման համար հիմք է հանդիսացել Առողջապահության նախարարության նամակը և ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած ջրօգտագործման թույլտվությունը: Առողջապահության նախարարությունը իր գրությամբ փաստել է, որ Զոլաքարի ջուրը պիտանի չէ խմելու համար: Իսկ Բնապահպանության նախարարությունը տվել է համապատասխան ջրօգտագործման թույլտվությունը՝ հաշվի չառնելով, որ այդ ջրից տասնյակ տարիներ օգտվել են նաև Աստղաձոր գյուղի բնակիչները:

12:00 Դեկտեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news