Կոչ ենք անում բոլորին միանալ հուլիսի 4-ին տեղի ունենալիք բողոքի ակցիաներին` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի

Կոչ ենք անում բոլորին միանալ  հուլիսի 4-ին տեղի ունենալիք բողոքի ակցիաներին` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի

«S.O.S. Սևան» նախաձեռնություն

Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի` ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ:

Նույն օրը` ժամը 9:00-ին, Գեղարքունիքի մարզում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ):

Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովը կսկսի նիստը, որի օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն և «Ծառուկյան» խմբակցությունների 6 պատգամավորները կողմ քվեարկեցին օրինագծին: Օրինագծին դեմ քվեարկեցին «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 2 պատգամավորները:

Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն մ3 -ից ավելի ջուր: Հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ընդամենը 11 սմ-ով: Կառավարությունը պնդում է, որ հավելյալ ջրառի արդյունքում Սևանը կիջնի 8 սմ-ով` ապահովելով դրական հաշվեկշիռ: Եթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 ջուր վերցվի, Սևանա լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա: Դեմ ենք Սևանը իջեցնելուն, դեմ ենք Սևանը ճահճացնելուն:
Կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիաներին:

«S.O.S. Սևան» նախաձեռնություն

15:35 Հուլիս 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news