Բանավեճեր Ազգային ժողովում՝ ինչպես վարվել Սևանա լճի հետ

Բանավեճեր Ազգային ժողովում՝ ինչպես վարվել Սևանա լճի հետ

ԷկոԼուր

Հուլիս 4-ի արտահերթ նիստին ՀՀ Ազգային ժողովը քննարկեց Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտությունը պայմանավորեց Սևան-Հրազդան և Ախուրյան-Արաքս համակարգերում ջրի համապատասխան 50 մլն խմ և 105 մլն խմ ջրի դեֆիցիտով:

«Սևան-Հրազդան համակարգում առկա է 117 մլն խմ ջրի դեֆիցիտ նախորդ տարվա նկատմամբ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները կարող են լրացնել այս դեֆիցիտի շուրջ 50 տոկոսը միայն, այդ իսկ պատճառով Սևանա լճից լրացուցիչ ջրառը դառնում է անհրաժեշտություն:

Խնդիրն ավելի սուր բնույթ է ստանում, երբ Սևան-Հրազդան համակարգին գումարվում է նաև Ախուրյան-Արաքս համակարգի խնդիրները: 2016 թ-ի համեմատ Ախուրյանի ջրամբարի առավելագույն լցվածությունը 105 միլիոն խմ –ով պակաս է. անցյալ տարի եղել է 545 մլն խմ, այս տարի առավելագույն լցվածությունը եղել է 440 մլն խմ», - ասաց Արսեն Հարությունյանը:
«Նախագծի շուրջ այս խնդիրն առաջացավ, որովհետև կառավարությունը չի կարողանում հստակ ձևակերպել իր ասելիքը, որ բնապահպանները վստահեն: Հստակ ձևակերպեք խնդիրը, որպեսզի խորհրդարանը կողմնորոշվի, թե ինչպես է քվեարկելու, այլապես հասկանալի չէ, թե ինչու եք դուք այստեղ կանգնած և ոչ թե բնապահպանության նախարարը», - ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինչու եմ ես ներկայացնում, այլ ոչ թե բնապահպանության նախարարությունը, որովհետև ջրային համակարգի պատասխանատուն ջրային տնտեսությունն է, բնապահպանության նախարարությունը այս ամենի պարզապես էկո մասն ապահովող կառույցն է: Բնապահպանությունը պարզապես ֆիքսել է, որ Սևանա լճից ջրի հավելյալ քանակի բաց թողումը կարող է էկոհամակարգի վրա ազդեցություն թողնել», - պատասխանեց Արսեն Հարությունյանը:

«Արարատյան դաշտավայրում մենք ունենք ջրի խնդիր: Ի՞նչ պետք է անել՝ տալ ջուրը, թե՝ չտալ: Հարցի պատասխանը միայն «այո» է: Մենք հիմա Արփա-Սևան թունելը վերանորոգում ենք տարեկան 250 միլիոն խմ ջուր բերելու համար, այսինքն, հարցի պատասխանը միանշանակ է՝ ջուր ոռոգման համար պետք է բաց թողնել», - իր տեսակետը հայտնեց Գեղարքունիքի մարզից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում պատկանում է «Արփա-Սևան» ԲԲԸ-ն:

«Ամեն նման հանրային հնչեղություն ունեցող օրենքի քննարկման ժամանակ մենք չենք դադարում խոսել հանրային լսումների բացակայության մասին: Հարցը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել բնապահպանական հարցում, և կա բացասական եզրակացություն: Այս ամենն ինձ համար հնչում է որպես կառավարության ապաշնորհության պատճառով Սևանա լճից նորից ջուր հանելու մասին նախագիծ, - ասաց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, - մեզ տրամադրվել են վարկեր, մասնավորապես, ոռոգման զարգացման համակարգը բարելավելու և արդյունավետ դարձնելու համար, 30.8 դոլարի վարկ: Ես ուզում եմ իմանալ՝ որտեղ են ծախսվել այդ գումարները, եթե մենք նորից ունենք գյուղացիական տնտեսությունները ոռոգելու հետ կապված խնդիր:

Երկրորդը, այն գումարները, որոնք պետք է գոյանան արտաբյուջետում, 97 մլն Կվտ/ժ ասացիք էլեկտրաէներգիա է արտադրվում, դա ի՞նչ հասույթ է, ինչպե՞ս է մուտք գործելու արտաբյուջետային հաշիվ և ինչպե՞ս է ծախսվելու:

Եվ նաև մեթոդաբանության հետ կապված հաշվարկը, որի արդյունքում ոչ թե 4.59 մ է բարձրացել լճի մակարդակը, այլ 3.9 մ»:

Ի պատասխան Արսեն Հարությունյանն ասաց. «Մեթոդաբանական հաշվարկների մասին մենք քննարկել ենք կառավարությունում և վերջնական տարբերակը երբ ներկայացնենք, այդ դիտողություններն ու առաջարկները հաշվի են առնվել, և փոփոխված տարբերակը կներկայացվի:
Ինչու արտաբյուջե, ոչ թե պետական բյուջե, հատուկ հաշիվ է բացվելու ֆինանսների նախարարությունում, որպեսզի մուտքերը կառավարվեն, չգամ ընդհանուրի հետ խառնվի, և ինչ-որ գումար, որ ձևավերվելու է, վաղը հասկանալի լինեն այդ գումարի ծախսման ուղղությունները: Պարզ է, որ ծախսվելու է թե ջրային համակարգի, թե բնապահպանության, թե գյուղատնտեսության համար: Այս պահին՝ կոնկրետ որ ուղղությամբ է ծախսվելու, ես չեմ կարող պատասխանել»:

«Դուք նորից չեք կարողանում պատասխանել, թե լրացուցիչ ինչքան գումարի մասին է խոսքը, շեշտադրումներն այնպիսին են, որ ահռելի գումարներ են գալու, և մենք կարողանալու ենք վերանորոգել կամ վերազինել այդ ոռոգման համակարգերը, որը վարկային ծրագրով չենք կարողացել անել: Ձեր պատասխաններից միտումն այնպիսին է, որ շարունակական մենք այս նույն խնդրի առաջ կանգնելու ենք, և դրան լուծում չկա», - արձագանքեց Մանե Թանդիլյանը:

«97 մլն Կվտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրանքից մենք ակնկալում ենք 2.5 միլիարդ դրամի հասույթ: Հասույթից, ըստ նախնական բանակցությունների, փոփոխական ծախսերը, որոնք արվել են այս հավելյալ հասույթն ապահովելու համար, կփոխհատուցենք օպերատորներին, մնացած գումարը կգա պետական բյուջե», - պատասխանեց Արսեն Հարությունյանը:

«…Հունվարին վարչապետը հանձնարարական է տվել 3 նախարարների, որ ուսումնասիրեն 1 միլիարդ խմ ջրի արդյունավետ օգտագործումն այն դեպքում, երբ դեռ հայտնի չէր, ջրամբարները լցված են լինելու, թե՝ ոչ: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ այս ջուրն օգտագործելու են «արդյունավետ», հետևաբար, նախապես ընդունվում է եզրակացությունը, մնացած ամեն ինչը հարմարեցվում է այդ եզրակացությանը: …Չի իրականացվել ռազմավարական փորձաքննություն, սեյսմիկ փորձաքննություն: Չեն իրականացրել հանրային լսումներ, որ պարտավոր էին իրականացնել: Սա հակասում է Օրհուսի միջազգային կոնվենցիային:…Մենք Սևանին վերաբերում ենք կարծես ինչ-որ ռեզերվուարի, այնինչ սա ազգային հարստություն և բարիք է», - իր ելույթում ասաց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Իր ելույթում «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց. «Մի կողմից կա Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիր, մյուս կողմից ցանքատարածքների ոռոգման անհրաժեշտություն: Պարոն Հարությունյան, Դուք ասացիք, որ ոռոգման համակարգերի մաշվածության պատճառով տեղի են ունենում կորուստներ: Եվ որպեսզի կորուստների ցուցանիշը նվազի, կառավարությունը տարեցտարի հատկացնում է գումարներ վերանորոգումների համար: 2013թ-ին տրամադրվել է 697 միլիոն դրամ, 2014թ-ին` 998 միլիոն դրամ, 2015թ-ին` 907 միլիոն դրամ: Սակայն, չնայած այս հատկացումներին, Վերահսկիչ պալատի 2015թ-ի` ոլորտին վերաբերող ընթացիկ հաշվետվության համաձայն ջրի կորուստների ցուցանիշը ոչ միայն չի նվազել, այլ նաև աճել է: 2013թ-ին ջրի կորուստը կազմել է 44.8%, 2014թ-ին`45.5 %: Դուք էլ ասացիք, որ ձեր հաշվարկներով մինչև 54-55% ջրի կորուստ է լինում ոռոգման համակարգերում: Եթե դա, իրոք, այդպես է, ապա մեղավոր անձիք պետք է պատասխանատվության ենթարկվեն ոռոգման համակարգերի վերանոգման համար ծախսված գումարների վատնման համար: Եթե հաշվարկենք Սևանա լճի 270 միլիոն խմ ջրառի կորուստը, ապա 121-148 միլիոն խմ ջուր կորելո՞ւ է: Այստեղ մենք տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր: Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում, մինչդեռ օրինագծում գրված է, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում»: Լենա Նազարյանը նաև նշեց, որ Սևանում` Արտանիշ տանող ճանապարհին, 1901մ նիշի վրա կառուցված է առանձնատուն, որը, ըստ գյուղացիների, պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: «1903 մ նիշն այն է նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի ջրի տակ անցնելու համար: Այս կառուցապատումն օրենքի կոպիտ խախտում է: Եւ այդ պատգամավորի ներկայացրած տվյալը հավատ չի ներշնչում: Ջրառի նպատակը մնում է ափամերձ տարածքներում անօրինական շինությունների պահպանումը»,- ասաց Լենա Նազարյանը:

19:14 Հուլիս 04, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news