Մարտունեցիները ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրեցին Սևանա լճի խնդիրները

Մարտունեցիները ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրեցին Սևանա լճի խնդիրները

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հասարկությունը մասնակցեց մարտի 9-ին Մարտունիում կայացած ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավին: Հասարակության ներկայացրած պահանջների մեծ մասը բնապահպանական էին:

«Դադարեցնել Սևանը սնուցող գետերի վրա կառուցված անօրինական ՀԷԿ–երի շահագործումը», «Ապամոնտաժել Սևանա լճում կառուցված արհեստական ձկնաբուծարանները», «Դադարեցնել Ամուլսարի շահագործումը», «Սոտքում բացառել ոսկու հանքանյութի հարստացումը», «Ապամոնտաժել Սևանի ափին կառուցված անօրինական շինությունները» գրություններ էին իրենց հետ բերել Մարտունի քաղաքի բնակիչները և հասարակական կազմակերպությունները:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, խոսք վերցնելով, ասաց. « Որպես քաղաքական ուժ` ձեր ուշադրությունն եմ հրավիրում 2-3 հարցերի վրա: Այստեղի բնակչությունը 9 ամիս ձմռան տակ են: Մենք սեպտեմբերի կեսից մինչև մայիսի վերջ վառելիք ենք վառում: Եւ այս մարդիկ այս 2000 մ բարձրության վրա եկել են այս լճի ու իրենց բնության համար: Այսօր մեր լիճը բզկտվում է, այսօր մեր բնապահպանական խնդիրը մեր համար առաջինն է: Այսօր Սևանն անօրինական, խայտառակ օգտագործվում է: Առաջին՝ Սևանը սնուցող գետերի վրա ՀԷԿ-եր են կառուցվում: Թող մեկն ասի, որ 0.1 լումայով իջել է իր էլեկտրաէներգիայի վարձը: Էնդեմիկ բոլոր ձկնատեսակներն ու կենդանական աշխարհն է վերանում՝ լցվելով տուրբինի մեջ: Մարտունի գետում նույնիսկ գորտ չի մնացել: էլ չեմ ասում այն անօրինական կառույցները և խողովակները, որոնք տարին մի քանի անգամ տրաքում են և ողողում են 6 գյուղերի հողատարածքները:

Այսօր Սևանը դարձրել են ձկնաբուծարան` լճի մեջ լցնելով ազոտ, ֆոսֆոր և դեղանյութեր: Դա աշխարհում եզակի քաղցրահամ ջուր է, չի կարելի Սևանը կեղտոտել` ինչ-որ մի քանի մարդկանց անձնական շահերից ելնելով:

Սևանի ափին կառուցվող անօրինական հյուրանոցներն ու հանգստյան տները ղեկավարներին են, որոնք թույլ չեն տալիս` Սևանա լիճը բարձրանա: Դրա համար կամ «Արփա-Սևանի» ելքն են փակում, կամ ջրի քանակն են տարեկան 170 միլիոն խմ-ից ավելի բաց թողնում:

Բաց շահագործվում է Սոտքի ոսկու հանքը և Ամուլսարը: Ամուլսարի և Սոտքի ոսկու հանքերի բաց շահագործումը Սևանի վերջն է և մեր ժողովրդի վերջնական մահ:

Իմ խնդրանքն է ձեզ, որ դուք այս հարցերը բարձրացնեք Ազգային Ժողովի ամբիոնում»:

Ի պատասխան ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց մտահոգության համար և ասաց, որ ցանկացած հարց լուծում ունի. « Սևանը մնալու է, այս ժողովուրդը մնալու է»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում 3 կետ է առանձնացված, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պահպանմանը և բնական ռեսուրսների շահագործմանը: «1. Բնական ռեսուրսները` հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը համաժողովրդական սեփականություն են: Այս բնական կապիտալը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար է: Մինչդեռ դրանց անխնա ու չհամակարգված շահագործումը ոչ միայն բավարար չափով չի նպաստում քաղաքացիների բարեկեցության աճին, այլև խնդիրներ է հարուցում ներկայի ու ապագայի առումով:

2. Ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգեր, ընդլայնել ամբարվող ռազմավարական ջրային պաշարները:

3. Ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի բնական ռեսուրսների գերշահագործումը, հյուծումը, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրի, այդ թվում` մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովի բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանից ստացվող եկամուտների բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև»,- նշված է նախընտրական ծրագրում:

16:12 Մարտ 10, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news