Մենաշնորհային ձկնաբուծական բիզնես Սեւանա լճում

Մենաշնորհային ձկնաբուծական բիզնես Սեւանա լճում

ԷկոԼուր

Ապրիլի 21-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 3 որոշում՝ կապված Սեւանա լճում ձկնաբուծության զարգացման հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված առաջարկով փոփոխություն մտցվեց  «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրում»: Արդյունքում եթե նախկինում նախատեսված էր, որ ցանցավանդակային ձկնաբուծարանի ստեղծմանը ներգրավվելու են մասնավոր ընկերություններ, ապա այս փոփոխությամբ այդ գործառույթը կիրականացնի 2015թ-ի վերջին հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ-ն, որի 100%-անոց բաժնետերը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամն է: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, արտադրության թիրախային ծավալներին  հասնել ավելի քիչ մանրաձկով՝ ձկան միջին քաշի ավելացման հաշվին, մասնավորապես՝

  • ապրանքային ձկան իրացման միջին քաշի աճ մինչև 1,4 կգ՝ ծրագրով նախատեսված 0,7 կգ-ի փոխարեն
  • լճում տեղակայված տնտեսություններ տեղափոխվող մանրաձկան քաշի աճ մինչև 150 գրամ՝ ծրագրով նախատեսված 30-50 գրամի փոխարեն:

Փոխվել է նաեւ ծրագրի ժամկետը՝ 2014-2023թթ-ի փոխարեն 2016-2024թթ.:

Փոփոխված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագով նախատեսվում է Սեւանա լճի 30 հա տարածքում մինչեւ 2024 թվականը տեղադրել 50 ցանցավանդակ՝ յուրաքանչյուրը 1000 տոննա արատադողականությամբ, եւ աճեցնել 50000 տոննա գեղարքունի եւ ամառային իշխան՝ յուրաքանչյուր տարի իշխանի պաշարների վերականգնաման նպատակներով Սեւանա լիճ  բաց թողնելով տնտեսություններ լցվող մանրաձկան քանակի շուրջ 25%-ը:

Այս ծրագիրը մեկնարկեց 2012թ-ին, եւ Շորժայի մոտ՝ Սեւանա լճում, տեղադրվեց ձկնաբուծական 4 ցանացավանդակ: Այս պիլոտային ծրագրով պետք գնահատվեին ծրագրի ռիսկերը, արվեր մոնիտորինգ, պարզելու ազդեցությունը Սեւանա լճի վրա, եւ արդյունքները ներկայացնեին լայն հասարակությանը: Արդեն 2016 թվականն է, սակայն այդ արդյունքները հանրությանը ներկայացված չեն:   Այս կապակցությամբ  Գավառի Օրհուս կենտրոնի հարցումները մնացել են անպատասխան:

«Մենք հավաստի տեղեկություն ունենք, որ Սևանի ջրի որակը կտրուկ վատացել էր՝ Շորժա գյուղին հարող տարածքում դեռևս 2012 թվականի օգոստոսից իրականացված ցանցավանդակային ձկնաբուծության փորձնական փուլի ընթացքում, ընդամենը 50 տոննա ձկան արտադրության արդյունքում։ Այդ փաստը հաստատվել է նաև այդ պիլոտային ծրագիրը իրականացնող կազմակերպության տնօրենի հետ մասնագետների հանդիպման ժամանակ, որին ներկա եմ եղել նաև անձամբ ես»,- գրել է «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության համակարգող Լեւոն Գալստյանը իր «Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար» հոդվածում:

Ծրագրով նախատեսվում է, որ ձկնաբուծական առաջին տնտեսությունը կհիմնվի 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Այն լինելու է մոդելային տնտեսություն՝ բաղկացած 5,888 մ2   ընդհանուր  մակերեսով, մոտ 85 մ3 ընդհանուր ծավալով 12 ցանցավանդակից:

Հիմնական խնդիրներից մեկը, որն անհանգստացնում է բնապահպաններին, ձկան արհետական կերն է, որն իր մեջ պարունակում է ֆոսֆոր եւ ազոտ, որոնք նպաստում են լճի ճահճացմանը եւ աղտոտմանը: Նախագծում չի նշվում, թե որ երկրից եւ որ ընկերությունից է կերը ձեռք բերվելու: Նշվում է, որ ծրագրի շրջանակներում 10,000 տոննա և ավելի ձկան արտադրության պարագայում տնտեսապես արդյունավետ կլինի Հայաստանում հիմնել  ձկան կերի արտադրություն:

Ծրագրի ողջ շեշտը դրվում է նրա վրա, որ այն բնապահպանական է, ուղղված Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը եւ հիմնախնիրների լուծմանը:  «Համալիր ծրագրի արդյունքում ձևավորված միջոցների մի մասը կուղղվի հիմնադրամին «Բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գումարները կգոյանան «Սևան Ակվա» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր իրացված մեկ կիլոգրամ ձկան համար վճարվելիք 200 դրամներից, հասույթի 1.5%-ի չափով հատկացվող միջոցներից, ինչպես նաև հիմնադրամի կողմից հիմնված ընկերություններից ստացվող շահաբաժիններից»,- նշվում է ծրագրի նախագծում: Միեւնույն ժամանակ ծրագրից պարզ է դառնում, որ հիմնադրամի միջոցների մի մասը՝ մոտ 2.6 մլրդ դրամ, որպես փոխառություն կուղղվի ձկնաբուծական ծրագրի անհրաժեշտ ներդրումների ֆինանսավորմանը, որոնք կվերադարձվեն 2021-2022 թվականների ընթացքում:  Այսինքն, ձկնային տնտեսությունններից հիմնադրամին  փոխանցվող գումարները կրկին կուղղվեն բիզնեսին, իսկ բնապահպանական խնդիրները կսպասեն մինչեւ 2022 թվականը: Ի դեպ, ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է Սեւանա լճին առնչվող շուրջ 140  խնդիր:

Ընդհանուր համալիր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների չափը կազմում է մոտ 50 միլիարդ դրամ, որից մոտ 21 միլիարդ դրամը կտրամադրվի «Սևանի իշխան» ՓԲԸ-ին մանրաձկան տնտեսության ու վերամշակման գործարանի կառուցման, իսկ 29 միլիարդ դրամը «Սևան Ակվա» ՓԲԸ-ին՝ լճում տնտեսությունների տեղակայման և մեկնարկային ընթացիկ ծախսերը ծածկելու համար: 2013-2015 թվականների ընթացքում պետական բյուջեից ծրագրի իրականացման համար արդեն հատկացվել է 4 միլիարդ դրամ:

Այս փուլում ներդրումները կկազմեն մոտ 15 միլիարդ դրամ, որից 9.1 միլիարդ դրամը՝ պետբյուջեից, 4 միլիարդ դրամը՝ վարկային միջոցներից, իսկ մոտ 2 միլիարդ դրամը՝ գործունեության ընթացքում ձևավորված ներքին միջոցներից:

Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևան Ակվա» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվեց 0.6445 հեկտար հողամաս: Ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն ապրանքային ձկան արտադրությունն իրականացնելու է Կարճաղբյուր համայնքի հարակից տարածքի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա լճում տեղակայված տնտեսություններում: Այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ափին ունենալ համապատասխան տարածք լճում տնտեսության հիմնման, ապա նաև սպասարկման, գրասենյակային և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Գործադիրի երրորդ՝  «Սևանա լճում էկոհամակարգերի վերականգնման նպատակով տնտեսական գործունեություն իրականացնելու մասին» որոշմամբ Սեւանում ձկնաբությյան այս ծրագիրը համապատասխանեցվեց Սեւանա լճի մասին ՀՀ օրենքի պահանջին: Որոշմամբ սահմանվեց, որ, «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել  Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման նպատակով՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով,  ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով: Ինչպես նաեւ այս որոշմամբ հաստատվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի և համալիր ծրագրի շրջանակներում գործող ընկերությունների միջև կնքվող պայմանագրերի հիմնական պայմանները:

18:44 Ապրիլ 21, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news