Սևանի ափամերձ տարածքների ապօրինի կառույցները կապամոնտաժվեն. էրիկ Գրիգորյան

Սևանի ափամերձ տարածքների ապօրինի կառույցները կապամոնտաժվեն. էրիկ Գրիգորյան

ԷկոԼուր

2020 թ. Սևանի ափամերձ տարածքների ապօրինի կառույցները կապամոնտաժվեն: Այս մասին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: 

Պատասխանելով էկոԼուրի հարցին, թե Սևանա լճի մակարդակի բարձրացման նոր միջոցառումների ծրագիր մշակվել է, թե՝ ոչ, և, թե երբ է նախատեսվում ավարտել ափամերձ տարածքները բուսածածկից, ծառերից, ու ապօրինի շինություններից մաքրումը, էրիկ Գրիգորյանն ասաց. «Սևանի ափամերձ տարածքների մաքրում ներկայում իրականացվում է: Ընդ որում՝ շատ բարդ, ճահճացված տարածքում, շատ մեծ ռեսուրսներ են տրամադրվում: Մենք պետական բյուջեից 2020-2021թթ. համար գումարները ավելացրել ենք, և նախատեսում ենք, որ 2020-2021 թթ. 2019 թ. հետ մեկտեղ կունենանք 700 հա, այսինքն՝ մինչև 1901,5 մ նիշը գտնվող անտառամերձ տարածքների մաքրման աշխատանքները կավելացնենք: Շինությունների և կառույցների հետ կապված ամբողջ տեղեկատվությունը հավաքել ենք, հիմա էլ գույքագրում ենք: Դրանից հետո ապօրինի կառույցների սեփականատերերին պետք է պարտադրվի ապամոնտաժել շինությունները: Եթե չիրականացնեն, կիրականացնի պետությունը, որից հետո համապատասխան հայցերով կդիմի՝ գումարները հետ ստանալու նպատակով»: 

Նախարարը նշեց, որ Սևանի հետ կապված երկու կարևոր հարց կա` մակարդակի բարձրացումը և կեղտաջրերի հոսքի նվազեցումը։ Այս տարի Սևանա լճից նախատեսված 170 մլն խմ ծավալով ջրառի փոխարեն վերցվել է 143 մլն խմ ջուր։ Ըստ նախարարի՝ Սևանն ունի 25-30 տարվա մաքրման ցիկլ, և 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ։ 

«Նախկինում կարծում էին, որ Սևանի ջրի մակարդակի 6 մետր բարձրացումը կարող էր լճի որակական փոփոխության հանգեցնել, սակայն կեղտաջրերի մեծ հոսքի պայմաններում այդ լուծումը բավարար չէ»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը։



Դեկտեմբեր 25, 2019 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր