«Ռուս-Հիդրո»-ն վաճառում է Սևան-Հրազդան հիդրոկասկադը «Տաշիր» խմբին. «Կոմերսանտ»

«Ռուս-Հիդրո»-ն վաճառում է Սևան-Հրազդան հիդրոկասկադը «Տաշիր» խմբին. «Կոմերսանտ»

ԷկոԼուր

«Ռուս-Հիդրո»-ն համաձայնել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին վաճառել Միջազգային էներգետիկ կորպորացիայի 90%-ը, որը շահագործում է 561 ՄՎտ հզորությամբ Սևան-Հրազդան հիդրոկասկադը: Որպես գնորդ հանդես է գալու «Տաշիր»-ին պատկանող Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը, որը շահագործում է Հայաստանի ամենամեծ՝ 1,11 ԳՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայանը: Այս մասին հայտնել են «Կոմերսանտ»-ի աղբյուրները, որոնք ծանոթ են կողմերի պայմանավորվածություններին:

Ինչպես նշում է աղբյուրը, ցածր սակագների պատճառով Հայաստանից արդեն հեռացել է ռուսական մեկ այլ էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Սևան-Հրազդան հիդրոկասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի: Գնորդը նաև պարտավոր է մարել վարկերը: Փորձագետների կարծիքով՝ գործարքը երկու կողմերին էլ ձեռնտու է, քանի որ «Ռուս-Հիդրո»-ն կազատվի պարտքերից, իսկ «Տաշիր»-ը կընդլայնի իր մասնակցությունը հայաստանյան էներգետիկ ոլորտում:

«ՀրազՋԷԿ» ընկերությունից առաջարկը ստացվել է 2019 թ-ի հուլիսին, ասում են «Կոմերսանտ»-ի զրուցակիցները: Ըստ նրանց՝ բրիտանական աուդիտորական-խորհրդատվական E&Y ընկերությունը գնահատել է Միջազգային էներգետիկ կորպորացիայի (ՄԷԿ) 90%-ը 140 միլիոն ռուբլի, բայց ակտիվը կվաճառվի բալանսային արժեքով՝ 172,97 միլիոն ռուբլի: Գնորդն իր վրա է վերցնում նաև ՄԷԿ-ի բոլոր պարտքերն և վարկային պարտավորությունները: «Կոմերսանտ»-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ ՄԷԿ-ի ընդհանուր վարկային պորտֆելը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 26.23 միլիարդ դրամ (55,13 միլիոն դոլար), որից 39,6 միլիոն դոլարը բաժին է ընկնում 2013 թ-ին Ասիական զարգացման և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերից տրված վարկից մնացած պարտքին, որը տրամադրվել էր հիդրոէլեկտրակայանների հիմնական ֆոնդերի թարմացման համար: 2018 թ-ի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ ՄԷԿ-ի շահույթը կազմել է 13 միլիոն դոլար, վնասը ՝ 26 միլիոն դոլար:

«Տաշիր»-ի ներկայացուցիչը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ խումբը «որպես Հայաստանի ամենամեծ էներգետիկ ընկերություն, մեծ ուշադրությամբ հետևում է երկրի համար առանցքային ոլորտներից մեկում տեղի ունեցող շուկայական գործընթացներին»: «Ռուս-Հիդրո»-ի մտադրությունը՝ վաճառել իր մասնաբաժինը ՄԷԿ-ում, քննարկվում է վաղուց, և «Տաշիր»-ն ակտիվորեն մասնակցում է այդ քննարկմանը, ընդգծել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը: «Ռուս-Հիդրո»-ն հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:

«Ռուս-Հիդրո»-ն գնել էր հիդրոկասկադը «Ինտեր ՌԱՕ»-ից 2011 թ-ին՝ 172.9 միլիոն ռուբլիով: Ակտիվները վաճառելու մտադրության մասին «Ռուս-Հիդրո»-ն հայտարարել էր դեռևս 2017 թ-ին՝ պարտքի մեծ բեռի պատճառով, որը չէր հաջողվում նվազեցնել ցածր սակագների պատճառով: Եթե ՄԷԿ-ը խախտեր պարտքերի վճարման ժամանակացույցը, դա կարող էր հանգեցնել դեֆոլտի, ինչից խուսափելու համար «Ռուս-Հիդրո»-ն ստիպված կլիներ լրացուցիչ միջոցներ ներդնել ՄԷԿ-ի մեջ:

Աղբյուրը նշում է. Հայաստանի էներգետիկ համակարգը գործում է մեկ գնորդի մոդելի համաձայն. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կնքում են ուղղակի պայմանագրեր գեներացնող ընկերությունների հետ, այնուհետև հանում մանրածախ վաճառքի: Էլեկտրաէներգիայի սակագները լիովին կարգավորվում են: Երկում ամենացածր սակագները ատոմակայանինն ու հիդրոէլեկտրակայաններին են (սրանց համար արժեքի մեջ ներառված չէ ներդրումների վերադարձի կարգավորվող դրույքաչափը), ամենաբարձրերը՝ ջերմաէլեկտրակայաններինը. «Գազպրոմ»-ից գնվող գազի ծախսի պատճառով:

2015 թ-ին Հայաստանում գետերի սակավաջրությունը հանգեցրեց նրան, որ հիդրոէլեկտրակայանները կրճատեցին արտադրողականությունը, դրան զուգահեռ 408 ՄՎտ հզորությամբ հայկական ատոմակայանը կանգնեց չնախատեսված վերանոգորման: Էներգահամակարգը ստիպված եղավ ծանրաբեռնել ջերմաէլեկտրակայանները, իսկ ՀԷՑ-ը՝ ավելացնել ծախսերը դրանց աշխատանքի համար: ՀԷՑ-ի մտադրությունը՝ լրացնել այդ ծախսերը բնակչության հաշվին, հանգեցրեց Երևանում բողոքի ալիքի, իսկ Հայաստանի կառավարությունն, ընդհակառակը, խոստացավ իջեցնել սակագները: Արդյունքում, այդ ժամանակ ՀԷՑ-ի ակտիվների 100%-ը Հրազդանի ՋԷԿ-ի հետ «Ինտեր ՌԱՕ»-ն վաճառեց «Տաշիր» խմբին:

Հաշվի առնելով սակագների բարձրացման քաղաքական բարդությունը և ընկերության վնասները, ՄԷԿ-ի արժեքը իջնում է զրոյի, ասում է «ՎՏԲ-Կապիտալ»-ից Վլադիմիր Սկլյարը: Կասկադի հետ միասին կվերանա պարտքի զգալի մասը, ուստի վաճառքը ձեռնտու է «Ռուս-Հիդրո»-ին: Միևնույն ժամանակ, հիդրոէլեկտրակայանների գնումը «Տաշիր»-ին թույլ կտա ընդլայնել իր ներկայությունը ոլորտում, նշում է վերլուծաբանը:

Այս գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությանը Հայաստանի էներգահամակարգում մնում է միայն մեկ ակտիվ՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը, որը երկրում գազի մատակարարման ցանցի հետ միասին պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Բացի այդ, «Ռոսատոմ»-ը զբաղվում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմամբ, որը հիմնականում իրականացվում է Ռուսաստանի Դաշնության պետական վարկի հաշվին:

561 ՄՎտ հզորությամբ Սևան-Հրազդան հիդրոկասկադը կառուցվել է 1930-1965թթ., ներառում է յոթ հիդրոէլեկտրակայան, որոնց արտադրությունը 2018 թ-ին նվազել է 11.5% -ով, մինչև 412 միլիոն կՎտժ/ժամ, ինչը կազմում է Հայաստանում անցյալ տարի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մոտ 5.68%-ը: Կասկադի էներգիայի օգտագործման միջին գործակիցը ծայրահեղ ցածր է `մոտ 10% գետերի սակավաջրության պատճառով:

15:32 Դեկտեմբեր 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news