Եթե իրականացվի Եղվարդի ջրամբարի վերակառուցումը, Սևանա լճից ջրի բացթողումը 50 միլիոն խմ-ով կկրճատվի

Եթե իրականացվի Եղվարդի ջրամբարի վերակառուցումը, Սևանա լճից ջրի բացթողումը 50 միլիոն խմ-ով կկրճատվի

ԷկոԼուր

Եթե իրականացվի Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցումը, Սևանա լճից ջրի բացթողումը 50 միլիոն խմ-ով կկրճատվի: Այս մասին այսօր Կոտայքի մարզ Եղվարդի անավարտ ջրամբարի տարածք այցի շրջանակներում լրագրողներին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Եղվարդի ջրամբարի նախագծի պատասխանատու, հիդրոտեխնիկ-ինժեներ Խորեն Ծառուկյանը:

«Հայաստանի կառավարությունը դիմել էր Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալությանը ծրագրին աջակցելու համար: Հիմա մենք ճապոնացիների հետ միասին իրականացնում ենք ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը, որից հետո կլինի մանրամասն նախագիծը, իսկ այնուհետև շինարարության փուլը: Ծրագրով նախատեսվում է կառուցել 90 միլիոն խմ տարողությամբ ջրամբար, որից 84 միլիոն խմ որպես օգտագործելի ծավալ: Կոռոգվեն «Եղվարդ», «Խոյ», «Վաղարշապատ» և «Աշտարակ» ՋՕԸ-երի սպասարկող գոտիները, մոտ 12.200 հեկտար հողատարածքներ, որից 9200-ի մոտ կբարձրանա ջրաապահովվածությունը, 3000 հեկտարն էլ կլինեն նոր հողեր, որոնք այս պահին դեռ չեն ոռոգվում: Խոսքը ինքնահոս ոռոգման մասին է: Շահագործումից դուրս են բերվելու մոտ 9 պոմպակայան, շատ մեծ խորքային հորեր, մոտ 28 միլիոն կվտ/ժ հոսանք կխնայվի: 50 միլիոն խմ կկրճատվի Սևանից բաց թողնվող ջրի քանակությունը, որը բնապահպանական տեսանկյունից շատ արդյունավետ կլինի», - ասաց Խորեն Ծառուկյանը՝ նշելով, որ ջրամբարը բնապահպանական ոչ մի վտանգավոր ազդեցություն չի ունենալու, ընդհակառակը, այնտեղ կստեղծվեն ավելի լավ բնակլիմայական պայմաններ:

Եղվարդի ջրամբարի ընդհանուր տարածքը կազմում է 1000 հեկտար: Խորեն Ծառուկյանի խոսքով՝ տարածքը ամբողջությամբ համայքնային հողեր են, որոնք ժամանակին չեն սեփականաշնորհվել և այժմ պիտանի չեն գյուղատնտեսության համար: «Երբ ԽՍՀՄ ժամանակաշրջանում սկսել են շինարարությունը, ամբողջ բուսական շերտը հեռացրել են այստեղից և տարել, Աշտարակի մասում ճանապարհի երկու կողմերում խնձորի այգիներ են հիմնել: Հիմա ինքն արդեն գյուղատնտեսության համար ոչ պիտանի հող է», - նշեց Խորեն Ծառուկյանը:

«Այս ուսումնասիրության փուլը տևելու է մոտ 1 տարի: Ուսումնասիրությունների հիմնական նպատակն է պարզել` ինչ նյութ պետք է օգտագործվի ֆիլտրացիոն հոսքերը կրճատելու համար, ինչպես նաև հասկանալ՝ ինչ ֆինանսական միջոցներ է պետք ներգրավվել ջրամբարի կառուցումը ավարտին հասցնելու համար», - ասաց Խորեն Ծառուկյանը:

Հարցին՝ ջրամբարի կառուցումը իրականացվելո՞ւ է վարկային միջոցներով, Խորեն Ծառուկյանը պատասխանեց. «Կարծում եմ` այո: Պետք է վերջնական այս տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը անցնենք, դրանից հետո արդեն պարզ կլինի»:

«Ջրաղբյուր հանդիսանալու է Հրազդան գետը: Աշնանից մինչև գարուն ընկած ժամանակահատվածում ամբողջ սելավային ջրերը կտեղափոխվեն ջրամբար և կապահովեն ջրամբարի լցվածությունը, - ասաց «Եղվարդ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Միհրան Հովհաննիսյանը, - հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եղվարդի ջրամբարի շինարարությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին, չեմ կարող ասել, որ բացասական պատասխաններ կստացվեն, որովհետև տեղանքը, ռելիեֆը, բնակլիմայական պայմանները, բոլոր նպաստավոր գործոնները առկա են, որպեսզի ջրամբարը կառուցվի»:

«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գեոդեզիստ Սուրեն Թովմասյանը նշեց, որ գեոդեզիական աշխատանքները Եղվարդի ջրամբարի տարածքում իրականացվում են հատուկ սարքավորման միջոցով, որը առաջին անգամ է կիրառվում Հայաստանում: «Աշխատանքները կատարում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նոր ձեռք բերված սարքավորումով: Անօդաչու սարքում տեղադրված է հատուկ տիպի թվային խցիկ: Օդ բարձրանալով` ծրագիրը ազդակ է հաղորդում թվային խցիկին, և նա որոշակի ինտերվալով ֆիքսում է նկարներ: Երկրի մակերևույթի վրա տեղադրված հատուկ կետերի կոորդինատներով և նկարներով արդեն ստեղծվում է եռաչափ մոդել, որի վրա կարող են կատարվել նախագծային ցանկացած տիպի աշխատանքներ՝  հաշվարկել ջրամբարի փաստացի տարողունակությունը, հողային ծավալները և այլն», - ասաց Սուրեն Թովմասյանը:

«Ի սկզբանե Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է եղել Հայաստանում ոռոգման բարելավմամբ և գյուղատնտեսության զարգացման հետ կապված համագործակցությամբ: Իսկ դրա համար մեզ ջրամբարներ են պետք, - ասաց հետազոտական թիմի հիդրոերկրաբան Ռիոիչի Կավասակին, - Սովետական Միության ժամանակաշրջանում այստեղ շատ լայնածավալ երկրաֆիզիկական և երկրաբանական հետազոտություններ են իրականացվել, որի արդյունքում գրեթե  ամբողջ երկրաբանական պայմանները մենք գիտենք: Մեր հիմնական նպատակն է ստուգել և վերահաստատել ռուսական հետազոտությունների արդյունքները»:

Ռիոիչի Կավասակին նաև նշեց, որ այս մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում պետք է գնահատվի նաև ջրամբարի կառուցման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. «Մենք իրականացնելու ենք բնապահպանական հետազոտություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, որը պետք է ներկայացվի բնապահպանության նախարարություն՝ դրական կամ բացասական հաստատում ստանալու համար»:

18:00 Հուլիս 18, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news