Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում 170 միլիոն խմ-ից ավելի հավելյալ ջրառն արգելող օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում 170 միլիոն խմ-ից ավելի հավելյալ ջրառն արգելող օրինագիծը

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Օրինագիծը նպատակ ունի Սևանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում արգելել 170 միլիոն խմ-ից ավելի հավելյալ ջրառի իրականացումը:

Հոկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում օրինագծի քննարկման ժամանակ ներկայացվել են հակադիր կարծիքներ: Օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ներկայացնելով օրինագիծը, ասաց, որ նշված 170 միլիոն խմ-ը պետք է լինի վերին սահման և չպետք է Սևանը դիտարկել միայն որպես ջրի պաշար. «Դրանից ավելի ջրառ, նաև առաջարկ Կառավարության կողմից չպետք է ներկայացվի ԱԺ, հատկապես եթե մենք կունենանք բացասական հաշվեկշիռ նախորդ տարվա հետ համամատած: Մեր մոտեցումն այն է, որ Սևանն ամբողջական էկոլոգիական համակարգ է՝ կենդանիներով, բույսերով, ափամերձ հատվածով, նաև բնակավայրերով ու մարդկանցով, ովքեր ապրում են լճի շուրջը: Մենք պետք է հիշենք, որ Սևանից ջրառի նորման 50-60 միլիոն խմ է: Կարծում եմ՝ 170 միլիոն խմ ավելի ջրառը կամ դրա հնարավորությունը պետք է սահմանափակվի, անկախ գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է, թե՝ ոչ:

Վստահ եմ՝ եթե արդյունավետ օգտագործվեն խորքային պոմպակայանները, դա կբերի էլէկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերի, բայց մենք չենք կարող Սևանի ներկա վիճակը և ոռոգման ջրին ուղղվող էլեկտրաէներգիայի համար որևէ ծախս համադրել իրար հետ: Այդ ծախսը վերականգնվող է, իսկ Սևանում հիմա գործընթացներ կան, որ հնարավոր է՝ անդառնալի կորուստներ առաջ բերեն մեզ համար»,- ասաց Կարապետյանը

Իր հերթին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ ջրառաջարկի դեֆիցիտի մեղմման նպատակով Սևանից ջրառ է իրականացվում այլ ջրաղբյուրներ չունենալու պայմաններում: «Լրացուցիչ ջրառի իրականացումը հնարավոր է օրենսդիր և գործադիր բարձրագույն մարմինների համաձայնությամբ տվյալ գյուղատնտեսական տարվա ձախողում թույլ չտալու նպատակով: Ներկայումս ջրառն իրականացվում է աշնանացան ցորենի և ոռոգման փուլն ավարտելու նպատակով: Մոտ 2 միլիոն խմ ջուր արդեն վերցրել ենք: Ամենայն հավանականությամբ մոտ 1 միլիոն խմ էլ կտեղափոխենք և դրանով կփորձենք ավարտել այս տարվա ջրառը Սևանա լճից: Եթե Սևանից չվերցնեինք, այլ՝ հոսանքով մատակարարեինք, այդ 3 միլիոն խմ-ը պոմպերով մղելու համար պետք կլիներ 35 միլիոն դրամի հոսանք»,- նշեց Մելքոնյանը:

Արձագանքելով Մելքոնյանի պատասխանին, Կարապետյանը նշեց, որ Սևանից բաց թողնվող ջրի կորուստ է տեղի ունենում, ինչը տարբեր վայրերւմ հասնում է մինչև 70 տոկոս. «Դա նշանակում է, որ այն 3 միլիոն խմ-ը, որ Սևանից վերցրել եք, դրանից 1 միլիոնն է հասնելու: Եվ դա համեմատում եք 35 միլիոն դրամի հետ: Եթե այդ 1 միլիոն խմ ջուրը անմիջապես արտերի կողքից հանվեր,10 միլիոն դրամ կնստեր հոսանքի ծախսը, որովհետև մնացածը ճանապարհին կորում է»,- նկատեց Կարապետյանը:

Անդրադառնալով աշնանացան ցորենի համար ոռոգման ջրի սուբսիդավորմանը, Կարապետյանը նշեց, որ այն վնասելու է գյուղատնտեսությանը մեր երկրում. «Քանի որ ոռոգման ջրի սակագինը սուբսիդավորվող է, մենք պետք է ժողովրդին ասենք, որ այս մի հատվածում կսուբսիդավորենք, եթե պոմիդոր ենք աճեցնում, այս հատվածում էլ՝ վարունգ: Բայց աշնանացան ցորենն այս հատվածում չենք սուբսիդավորելու»:

Դիմելով պատգամավորներին՝ Կարապետյանն ասաց, որ խնդիրը մոտեցումն է դեպի Սևանա լիճը և քվեարկության ժամանակ իրենք մոտեցման և գերակայության խնդիր են սահմանելու Կառավարության առաջ: «Երբեք չենք կարող մեր ծախսերն ու օգուտները դնել իրար կողքի և խոսել Սևանի մասին: Մենք ասում ենք, որ սոցիալական և բնապահպանական հարցերը հավասար են: Հնարավոր է, որ հավասար լինեին, եթե վերցնենք զուտ սոցիալական և զուտ բնապահպանական տեսանկյունից: Սոցիալական նշանակում է այսօր, բնապահպանական՝ վաղը: Մեկը մեր այսօրվա ծախսն է, մյուսը՝ մեր երեխաների վաղվա ծախսը: Մենք պետք է հասկանանք՝ ինչն ենք սահմանում գերակա մեզ համար: Թվերի մասին չի խոսքը: Թվերի լեզուն բազմաթիվ մանիպուլյացիաներ ունի իր մեջ՝ ինչքան ջուր է մտել Սևան, ինչքան է բաց թողնվել: Այս բոլոր թվերին ես անձամբ չեմ վստահում, նաև ձեր բերած թվերին /նկատի ունի Վարդան Մելքոնյանին/, որովհետև մինչև հիմա մենք չունենք ճշգրիտ չափող սարքավորումներ: Մենք ասում ենք, որ Արփայով այս տարի 150 միլիոն խմ ջուր է հոսել Սևան, բայց դա մոտավոր չափարկում է»,- ասաց Կարապետյանը:

Հոկտեմբերի 24-ին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 8 դեմ, 37 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

14:17 Հոկտեմբեր 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news