ՀՀ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը

ԷկոԼուր

Հուլիսի 6-ի արտահերթ նիստին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը: Կողմ քվեարկեցին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավորները` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:
Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մինչ քվեարկությունը հայտնեց, որ օրենքի նախագիծը և նախագծին կից ներկայացված ժամանակավոր ծրագիրը լրամշակվել են:

«Օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական դիտողությունը վերաբերում էր նրան, թե արդյոք օրենքի 2.4 հոդվածով Սևանա լճի լրացուցիչ ջրառը վերաբերվում է միայն 2017 թ-ի համար, թե ունի շարունակական բնույթ հետագա տարիների համար: Հոդվածի շարադրանքում այն շտկվել է և ընդգծվել է, որ վերաբերվում է միայն 2017 թ-ի համար: Բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք են տվել նաև հոդված 2-ով սահմանված «լրացուցիչ վճարներ» ձևակերպումը: Ֆինանսների նախարարության հետ կատարած քննարկումների արդյունքում օրենքի նախագծում այն վերաձևակերպվել և սահմանվել է որպես «հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթ»: Օրենքի նախագծի ժամանակավոր ծրագրի հավելվածում առավել ընդգծվել են լրացուցիչ ջրառի հիմնական նպատակները, և այն պատշաճորեն հիմնավորել է «լոկ որպես գյուղատնտեսական նշանակության անհրաժեշտություն»: Ժամանակավոր ծրագրում ճշգրտումներ են կատարվել նաև Սևանա լճի մակարդակի վերաբերյալ հաշվարկներում՝ հաշվի առնելով Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտումը: Նախագծի առաջին և երկրորդ լսումների միջակայքում քննարկումներ են եղել նաև կառավարությունում՝ կապված արտաբյուջետային հաշվի միջոցով կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերի հետ: ՀՀ կառավարությունն առաջարկներ կստանա գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներից, և նախապատվություն կտրվի առավել հրատապ և հանրայնորեն մեծ կարևորություն ունեցող ծրագրին: Ենթադրվում է, որ այդ ամենը կունենա հանրության հասանելի բնույթ», - զեկուցեց Արսեն Հարությունյանը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունն առաջարկել էր փոփոխել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որում ասված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ)»: ՀՀ ԱԺ տնտեսագիտական վարչության եզրակացության մեջ ասված է. «ա) սույն օրենքով առաջարկվում է լիազոր մարմնին իրավունք վերապահել` Սեւանա լճից ավելի շատ ջուր բաց թողնելու կապակցությամբ, ուստի այս իրավունքի գործողության ժամկետը կարող է կապված լինել ջրառի բուն պատճառի վերացման հետ, այլ ոչ թե լրացուցիչ ջուր բաց թողնելու հետեւանքով արտադրված լրացուցիչ էլեկտրաէներգիայի իրացման արդյունքում ձեւավորված արտաբյուջետային միջոցների սպառման հետ (այս առումով առաջարկում ենք սույն օրենքի գործողության հստակ ժամկետ սահմանել և չկապել այն արտաբյուջետային միջոցների օգտագործման հետ),
բ) սույն օրենքի ընդունումից հետո այն չի կարող գործել առանձին եւ ինկորպորացիայից հետո տվյալ օրենքի տեքստը հանդիսանալու է մայր օրենքի բաղկացուցիչ մասը, ուստի Նախագծի 4-րդ հոդվածի «Սույն օրենքն...գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը» նախադասությունը կվերաբերի ոչ թե առաջարկվող լրացումներին, այլ մայր օրենքին (այս կապակցությամբ առաջարկում ենք հենց տվյալ հոդվածի վերջում նոր պարբերություն ավելացելու միջոցով հստակ սահմանել առաջարկվող լրացումների եւ հավելված 5-ի գործողության ժամկետը)»:

Նմանատիպ առաջարկով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
Առաջարկը չի ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ. «Լրացուցիչ շահույթի գումարները արտաբյուջետային հաշվին կմուտքագրվեն 2017 թվականի վերջին, նաեւ 2018 թվականին` կապված ընկերությունների եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների հետ: Այդ իսկ պատճառով հնարավոր չի լինի այն արտահայտել 1 տարվա բյուջեով: Ավելին, նկատի ունենալով, որ 2018 թվականի բյուջեի քննարկումները արդեն իսկ 2017 թվականի նոյեմբերին ավարտված են լինելու, դա նշանակում է, որ գործընթացը չի կարող ավարտվել 2017 թվականով»:

13:45 Հուլիս 06, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news