ՀՀ կառավարությունը նվազեցնում է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգման համար պետական ֆինանսական աջակցությունը

ՀՀ կառավարությունը նվազեցնում է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգման համար պետական ֆինանսական աջակցությունը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը նվազեցնում է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգման համար պետական ֆինանսական աջակցությունը: Սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիր»-ը, որով 2018թ-ին պետական բյուջեից գումարներ չեն հատկացվի Սևանա լճի ափամերձ տարածքներում ջրածածկման ենթակա 93 հա անտառաշերտի մաքրման համար (2017թ-ին անտառաշերտի մաքրման համարպետբյուջեից նախատեսվել է հատկացնել 125 միլիոն 400 հազար դրամ), ինչպես նաև ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման համար: Միևնույն ժամանակ Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է. «Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսակետից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Միաժամանակ ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ներկայումս լճի շրջակայքում առկա բոլոր մաքրման կայանները չեն գործում»:
2018թ-ին շուրջ 65 միլիոն դրամով պակաս գումար կհատկացվի Արփա-Սևան թունելի շահագործման և պահպանման համար: Եթե 2017-ին այս նպատակի համար նախատեսված էր 270 միլիոն 500 հազար դրամ, ապա 2018-ին 205 միլիոն 800 հազար դրամ:

Ինչպես 2017թ-ին, 2018թ-ին էլ պետբյուջեն գումարներ չի հատկացնի Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման համար:

2016թ-ից սկսած կառավարությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման համար: 2018թ-ին ևս չի հատկացնի: Մինչ 2016թ-ը պետբյուջեից տարեկան 60 միլիոն դրամ էր դուրս գրվում՝ Սևանա լիճ մոտ 500 հազար հատ մանրաձուկ բաց թողնելու համար: 2016թ-ից Սևանա լիճ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բուծման ծրագրի շրջանակներում: Ի դեպ, այս ծրագիրն իրականացնող Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամն առաջարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար 2018թ-ի միջոցառումների շրջանակներում իրականացնել հնարավոր հիվանդությունների տարածվածության (ախտահարման մակարդակի) մոնիթորինգ: Սակայն առաջարկը մերժվել է ֆինանսների բացակայության պատճառով:

Նշենք, որ ցանցավանդակային եղանակով ձկների աճեցման ռիսկերից է ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացումը և փոխանցումը տնտեսություններում աճեցված ձկներից ձկների վայրի հանրույթին:

17:22 Սեպտեմբեր 29, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news