ՀՀ ԱԻՆ՝ Սևանա լիճը սառույցի տակ է, էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը

ՀՀ ԱԻՆ՝ Սևանա լիճը սառույցի տակ է,  էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը

ԷկոԼուր

2017թ. եղանակային պայմանների առանձնահատկություններով պայմանավորված՝ փետրվարի 3-ից Մեծ Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկ, իսկ Փոքր Սևանը սառցապատ է 80-90%-ով: Սառույցի հաստությունը հասնում է 10-15 սմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) և հորդորում ափամերձ բնակավայրերի բնակիչներին լճի վրայով չքայլել, ավտոմեքենա չվարել, քանի որ սառցածածկի հզորությունը մեծ չէ և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Սևանա լճի ջերմային ռեժիմը էապես փոխվել է լճի մակարդակի իջեցման հետևանքով. ջերմության պաշարները նվազել են, որը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, և եթե մինչև 1947թ. լիճը սառույցով ծածկվում էր 5-15 տարին մեկ անգամ /1890, 1905, 1921, 1926, 1937, 1949 թվականներին/, ապա 1948թ. հետո` 1-7 տարին մեկ անգամ /1950, 1954, 1957, 1959, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1997, 2000, 2007, 2008, 2012 թվականներին/:

Լճի սառցածածկի պայմաններում գոլորշիացում, որը փետրվարին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր, գործնականում չի լինում, թթվածնի մակարդաը կտրուկ իջնում է:

Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ-ին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45 սմ:

Սևանա լճի վրա ձևավորվում է համատարած սառցածածկույթ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից ցածր է, իսկ փետրվարին առանց քամի եղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի: Սառցածածկույթից լիճն ազատվում է մարտի վերջերին, ապրիլի սկզբին:

13:12 Փետրվար 16, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news