«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը լիճ է բաց թողել իշխանի մանրաձկան խմբաքանակ

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը լիճ է բաց թողել իշխանի մանրաձկան խմբաքանակ

ԷկոԼուր

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը ս.թ. նոյեմբերի 26-ին իրականացրել է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ:

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի Ամառային տեսակի շուրջ 11 հազար հատ մանրաձուկ՝ 21,5 կիլոգրամ միջին քաշով և Գեղարքունի տեսակի 10 հազար հատ կենսունակ մանրաձուկ՝ 45.2 գրամ միջին քաշով:

Մանրաձկան ձեռքբերումն իրականացվել է Հիմնադրամի կողմից ստեղծված «Սևանի իշխան» ՓԲԸ-ին պատկանող մանրաձկան գործարանից, իսկ ձկների բացթողումը իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերում:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 2019 թ-ին «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն իրականացրել է 72 հազար հատ Սևանի իշխանի մանրաձկան բացթողում, որից 22 հազարը՝ Ամառային, իսկ 50 հազարը՝ Գեղարքունի տեսակի: Մանրաձկների բացթողնման աշխատանքները կատարվել են Հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ դատախազությունը հայտնեց, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամին և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերություններին ՀՀ պետական բյուջեից հատկացված 9 միլիարդ դրամի մի մասը փոշիացվել է, հարուցվել է քրեական գործ:

14:55 Նոյեմբեր 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news