Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները իմիտացիոն բնույթ են կրում. Այսեր Ղազարյան

Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները իմիտացիոն բնույթ են կրում. Այսեր Ղազարյան

ԷկոԼուր

Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները հեռու են բովանդակահեն լինելուց ու իմիտացիոն բնույթ են կրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը:

«Նախկինների մասով ամեն ինչ պարզ է, բայց դուք «զլացաք» իրավական գնահատական տալ նրանց «արած» ու «չարած»-ներին, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում «մեծ ոգևորությամբ» չասեմ գիտակցաբար շարունակեցիք նախկին կառավարման համակարգի իներցիաները:

Կրկնվեմ, անցած տարվա ամռանը, Սևանի վիճակից ելնելով, պետական լիազորված մարմինը պետք է ահազանգեր և մեր կողմից բարձրացված խնդիրները ներկայացներ կառավարությունում: Խնդիրները պետք է քննարկվեին անվտանգության խորհուրդում, բայց, ցավոք սրտի, ավելի շատ զբաղված էին 2019 թվականը կովկասյան ընձառուjծի տարի ընդունելով, նախարարության անվանափոխման, նախարարության «լոգոյի», էլեկտրամոբիլների և այլ «հետաքրքիր» հարցերով:

Բացասական եմ գնահատում «թարմացված» պետական կառավարման համակարգի վերջին մեկ տարվա «վերաբերմունքը» Սևանի հանդեպ: Չնայած մեր գնահատականը ի՞նչ, Սևանը ինքը տվեց ձեր գնահատականը:

Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարություն է ներկայացրել Սևանի ափամերձ տարածքներ մաքրման նոր «առաջարկներ»: 2017 թվականին ընթացքում ծովի մակերևույթից բարձրության նիշերի հաստատված «քարտեզները» համադրվեցին օրթոֆոտոների /2014թ./ հետ, արդյունքում պարզվեց, որ նիշերը սխալ են «գծվել»: Իսկ դա նշանակում է, որ ջրի տակ մնացող բոլոր օբյեկտների, ենթակառուցվածքի մասով իրական պատկեր հնարավոր չի լինի ունենալ /տես նկար - 1900 մետր նիշի /կարմիր գիծ/ համադրությունը օրթոֆոտոյի հետ ցույց է տալիս, որ նիշը տեղ-տեղ անցնում է լճի մեջ և այլն/:

Առաջարկ շրջակա միջավայրի նախարարությանը, մինչև տեղեկատվության օգտագործելը այն ենթակա է ստուգման, դե նախկին իշխանությունների ժամանակ էր մշակվել, թե՞ վստահում եք:

Մի խոսքով, համագործակցեք մյուս գերատեսչությունների հետ, այդ թվում կադաստրի հարցերով պետական լիազորված մարմնի հետ...և՛ ոլորտային քաղաքականության, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ, և՛ տեխնիկական հարթություններում, մեղմ ասած, ուղղակի կաղում եք, նախկին բնապահպանության /երևի շրջակա միջավայրի/ նախարարությունում անհրաժեշտ է լուրջ հեղափոխություն, եթե իհարկե...», - գրել է Այսեր Ղազարյանը, ով ս.թ. մայիսի 22-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Նա նաև հրապարակել է Սևանա լճի վիճակը ս.թ. հուլիսի 11-ի դրությամբ պատկերող Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ լուսանկար:

«Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով է պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել», - նշել է Այսեր Ղազարյանը լուսանկարի նկարագրության մեջ:

13:23 Հուլիս 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news