ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագծին

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագծին

ԷկոԼուր

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշաների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Օրինագծին որոշ վերապահումներով հավանություն տվեցին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արամ Հարությունյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Նաիրի Սահակյանը, Ռոբերտ Սարգսյանը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Հրանտ Մադաթյանը, Վարդևան Գրիգորյանը: Հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի առաջարկությամբ նախագծի 4-րդ հոդվածում պետք է հստակ նշվի Սևանա լճից հավելյալ ջրառի դադարեցման ժամկետը` մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 1-ը:

Օրինագծին դեմ քվեարկեցին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Նիստին ելույթ ունեցան նաև «Ելք»-ի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը: Հասարակական սեկտորից մասնակցում էին «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Օրինագծի կողմնակիցները, պատասխանելով մասնակիցների հարցերին, ներկայացրեցին լրացուցիչ տեղեկատվություն` կապված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի անհրաժեշտության հետ. «Գյուղացին չի կորցնի 10 միլիարդ դրամին հավասարաչափ բերքի արժեքը…Ռանչպարի, Մխչյանի պոմպակայանները չեն աշխատելու, և ջուրը մատակարարվելու է ինքնահոսով…լիարժեք լցված չեն ջրամբարները, և աղետալի վիճակի հասնող սակավաջրության խնդիր կա…հավելյալ 100 միլիոն խմ-ից 40 միլիոն խմ-ը պետք է լրացնի ջրի դեֆիցիտը: Իսկ 60 միլիոն խմ ջրով կապահովվի ինքնահոս եղանակով ոռոգում` պոմպերը չաշխատացնելու նպատակով»:

Օրինագծի ընդդիմախոսներն առարկեցին. «Նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին…Բերված հիմնավորումները չեն համապատասխանում նախագծի բովանդակությանը…Արված չէ հաշվարկ` ինչքան ջուր է պետք գյուղացուն, ինչքան է կազմում դեֆիցիտը, բերք ստանալու համար ինչ մշակաբույսեր կան, ինչքան գումար է դրանից շահելու գյուղատնտեսությունը, հաշվարկված չէ գյուղացու բերքի ինքնարժեքը: Եթե ինքնարժեքը չգիտես, ուրեմն 10 միլիարդ դրամի հաշվարկը օդի մեջ գրված թիվ է…Նշված չէ, թե արտաբյուջետային հաշվի գումարները ինչ նպատակով պետք է ծախսվեն, հետևաբար, այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր…Նշված է, որ Ռանչպարի, Մխչյանի պոմպակայանները պետք է չաշխատեն և շուրջ 1.2 միլիարդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա: Այդ պոմպակայանները չեն աշխատում, որովհետև արտեզյան ստորգետնյա ջրային ավազանում արդեն ջուր չկա: 15 մետր ջրային ավազանի մակարդակն իջել է, և դրա համար պոմպերն արդեն ջուր չեն քաշում…Նախագծում թվային մանիպուլյացիա կա: Ներկայացնելով Սևանա լճի մակարդակի իբր արագ բարձրացումը` հաշվի չի առնվել, որ Բալթիկ ծովի նիշը փոխվել է 20 սմ: Դրա հիման վրա 2011 թ-ի հունվարի 31-ի դրությամբ պետք է ֆիքսվեր Սևանա լճի մակարդակը` 1899.94 սմ: Սակայն դա չի արվել, և հաշվարկները ներկայացված են Սևանա լճի արդեն գոյություն չունեցող նիշից` 1899.74 սմ-ից: Սա 20 սմ-ի տարբերություն է, որը 250 միլիոն խմ ջուր է…Դեկտեմբերի ցուցանիշը, որն ամենասակավաջուր ժամանակահատվածն է, համեմատել են հունիսի` ամենաջրառատ ցուցանիշի հետ` բացատրելով, որ համեմատվել է օրենքի ընդունման 2001 թ-ի դեկտեմբերի 27-ի նիշը և նախագիծ ներկայացնելու օրը` 2017թ-ի հունիսի 19-ը: Բայց դա ոչ մի մեթոդիկայի հետ կապ չունի…Նախագիծը հակասում է «Սևանա լճի մասին» օրենքի 11-րդ հոդվածին, ըստ որի  կենսաբազմազանության պահպանությունը գերակայություն է: Այս մասին ոչ օրինագծում, ոչ հիմնավորումներում բառ չկա գրված… Այս նախագիծը փորձաքննություն չի անցել, և խախտվել է ՇՄԱԳ օրենքի 14-րդ հոդվածի պահանջը…Վերահսկիչ պալատի տվյալներով` 45-46 տոկոս ջրի կորուստ է տեղի ունենում մինչև ջուրը գյուղացուն հասցնելը…Սևանի ափամերձ տարածքների բնակչությունը, հասարակությունն ընդհանրապես ընդգրկված չեն եղել նախագծի վերաբերյալ քննարկումներին, և նրանց բացասական կարծիքը հաշվի չի առնվել, ինչպես հաշվի չի առնվել բնապահպանության նախարարության բացասական կարծիքը…»:

Լուսանկարը` Լիաննա Ասոյանի

20:13 Հուլիս 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news