ԷկոԼուր
Հայաստանում բուսածածկ տարածքներում հրդեհների դեպքերն ամենաշատը լինում են Երևանում: Մայրաքաղաքի բուսածածկ տարածքներում 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տեղի է ունեցել հրդեհների 460 դեպք: «Տարին դեռ չի կիսվել, դեռ նոր է ջերմային ալիքը մտել մեր տարածք…հրդեհների թիվը դեռ կշատանա և հնարավոր է մինչև տարեվերջ նաև կրկնապատկվի: Մայրաքաղաքի համար դա աններելի է», - հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ - մայոր Վրեժ Գաբրիելյանը հուլիսի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծեց, որ բնակավայրերին մոտ տարածքներում հրդեհների 99 տոկոսը կրում են մարդածին բնույթ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը իր հերթին հավելեց, որ Հայաստանում այս տարի անտառների հրդեհների 8 դեպքից 2-ը գրանցվել է Երևանի Նորքի անտառներում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Հուլիս 02, 2015 at 18:00