Էկոլոգիական հասարակական դաշինքը դեմ է Սեւանում ձկնաբուծության զարգացման ծրագրին

Էկոլոգիական հասարակական դաշինքը դեմ է Սեւանում ձկնաբուծության զարգացման ծրագրին

ԷկոԼուր

Սեւանա լճին մեծ վտանգ է սպառնում: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվելու «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»: Ծրագրով նախատեսված է 10 տարվա ընթացքում Սեւանա լճում արտադրել տարեկան 50 000 տոննա ձուկ` օգտագործելով 50 000 տոննա արհեստական կեր: Զուգահեռ այս ծրագրին ՀՀ կառավարությանն է ներկայացվելու մյուս վտանգավոր նախագիծը. Սևանա լճից ջրի բացթողումները 170 միլիոն խմ-ից հասցնել մինչեւ 240 միլիոն խմ:

Դեկտեմբերի 11-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացավ Սեւանա լճի խնդրի վերաբերյալ Էկոլոգաիական հասարակական դաշինքի խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնացում էին նաեւ ԶԼՄ-ը եւ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը` որպես դիտորդ:

«Ձկնաբուծության զարգացման ծրագիրը Սեւանում հակասում է երկու կարեւոր օրենքներին`«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին եւ «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին»,-նշեց «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախագահ Ամալյա Համբարձումյանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը, բարելավել ջրի որակը` Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հաշվին եւ նվազեցնել ջրի աղտոտումը, այլ ոչ թե անել հակառակը:

«Մենք ուզում ենք  իշխանը բազմացնել, արդյո՞ք դա պետք է անենք արհեստական կերի հաշվին: Այն ձկնատեսակները, որոնք այսօր հայտնվել են Սեւանա լճում, չեն հայտնվել նրա համար, որ Սեւանի էկոլոգիական վիճակը  լավն է, էկոհամակարգի խախտումով են հայտնվել: Մենք սրա վրա պետք է ուշադրություն դարձնենք»,- նշեց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

«Հիմա առաջնային ոչ թե ձկան պաշարների վերականգնում է, այլ Սեւանա լճի ջրի որակի բարելավումը»,- նշեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:

«ՀՀ կառավարությունը ցանկանում է մասնակցել այս բիզնես ծրագրին` հանձնելով Սեւանը»,- նշեց «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանը:

Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը դեմ չէ ծրագրին. ասում են` կվերահսկեն, որպեսզի կերը չաղտոտի լիճը, կտան խորհուրդներ` երբ և ինչպես այն լցնել, կհետևեն քանակին: «Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում այն 23 միլիարդ դրամին, որը ընկերությունը մտադիր է տրամադրել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին: Ինչ կմնա Սևանա լճից, մինչ տնտեսվարող սուբյեկտները կտրամադրեն այդ գումարը, և ով է այն տնօրինելու, անհասկանալի է,- նշեց «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը,-Սա զուտ բիզնես է եւ ոչ մի բնապահպանական իմաստ չունի»:

Դաշինքը որոշել է նամակով դիմել ՀՀ ԱԺ խմբակցություններին եւ ՀՀ կառավարությանը`պահաջելով կանգնեցնել Սեւանա լճի ոչնչացման ծրագիրը: Նամակը կհրապարակվի շուտով:

Դեկտեմբեր 12, 2013 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր