Արարատյան դաշտում ոռոգման և ձկնաբուծության համար օգտագործվող ջրերի ծավալները կիսով չափ կկրճատվեն

Արարատյան դաշտում ոռոգման և ձկնաբուծության համար օգտագործվող ջրերի ծավալները կիսով չափ կկրճատվեն

ԷկոԼուր

Արարատյան դաշտում օգտագործվող ստորերկրյա ջրերի ծավալը 1.6 միլիարդ մետրից 1.1 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու համար կրճատումներ են իրականացվելու ոռոգման և ձկնաբուծության համար օգտագործվող ջրերի ծավալներում: Ձկնաբուծության համար օգտագործվող 809 միլիոն խորանարդ մետրը նախատեսվում է նվազեցնել մինչև 400 միլիոնի, ոռոգման նպատակով 578 միլիոն խորանարդ մետր ներկայիս հաշվարկային կամ կողմնորոշիչ ծավալը պետք է նվազեցվի մինչև 228 միլիոն խորանարդ մետրի: Այս մասին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ: Ինչպես հատնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչներ, Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ղեկավարներ:

Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ եթե ձկնաբուծական տնտեսությունները կարողանան ջրի երկրորդային օգտագործման խնդիրները լուծել` այսինքն օգտագործված ջուրը մաքրեն և բերեն ոռոգման համար պիտանի որակի, ապա ջրի օգտագործման ծավալները նրանց մոտ քիչ կկրճատվեն: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ կառավարությունում մշակվում է և կընդունվի ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգի ներդրման տեխնիկական չափանիշները և ցանկացած անհատ կարող է ցանկացած տեղից գնել այդ սարքը, որևէ ուղղորդում այս հարցում բացառվելու է: Ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հիմնական նպատական այն է, որ բացառվեն ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, վերացվի պետական ծառայողի և տնտեսվարողի անմիջական շփումը, ինչպես նաև ընկերությունների կողմից նախատեսվածից ավել ջրի օգտագործումը:

«Ըստ կառավարման պլանի` բոլոր ջրօգտագործման թույլտվությունները հետ են կանչվելու և նոր պայմաններով նոր թույլտվություններ են տրվելու 3 տարի ժամկետով: Նախատեսվում է ավելի շատ ջրօգտագործման ծավալների նվազեցում այն ձկնաբուծական տնտեսություններում, որտեղ չեն ներդրվի ջրի խնայողությանը միտված նոր տեխնոլոգիաներ: Նախատեսվում է նաև բոլոր ջրօգտագործող տնտեսություննրում և ընկերություններում տեղադրել առցանց ջրի ավտոմատ կառավարման համակարգ` ջրօգտագործումն առցանց վերահսկելի դարձնելու համար»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը, համաձայնելով ջրի խնայողությանն ուղղված միջոցառումների հետ, նշել է, որ ձկնաբուծական տնտեսությունները ներկայում գտնվում են ծանր վիճակում և խնդրել է ավտոմատ ջրաչափական համակարգի ձեռքբերումը չվերապահել միայն տնտեսություններին, քանի որ դրանք բավականին բարձր արժեք ունեն:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը շեշտել է, որ առաջնային խնդիր է Արարատյան ստորերկրյա ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումը և այդ ուղղությամբ տարվող քայլերը չպետք է վնասեն ձեռներեցներին: Այդ նպատակով էլ կազմակերպվել է քննարկումը, որպեսզի գտնեն փոխադարձ ընդունելի լուծումներ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդրի լուծումը գտնվում է ՀՀ Նախագահի և վարչապետի վերահսկողության ներքո և այն լուծելու վճռական և անբեկանելի քայլեր են իրականացվում: Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում և` սկսել է ամենախոշոր 10 ընկերություններից: Արձանագրելով, որ քննարկման բոլոր կողմերն էլ համաձայն են առցանց ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգի ներդրման առաջարկի հետ, Արծվիկ Մինասյանը նշել է, որ դրանց տեղադրման և սպասարկման հարցերի ուղղությամբ կկազմակերպվեն քննարկումներ և կդիտարկվեն հնարավոր բոլոր մեխանիզմները:

17:24 Հունիս 06, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news