Երևանում քննարկվում են արևային էներգետիկայի ներդրումային հնարավորությունները

Երևանում քննարկվում են արևային էներգետիկայի ներդրումային հնարավորությունները

ԷկոԼուր

Այսօր մեկնարկեց «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը, որը բացեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին:

«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ»,- ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը: Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ:

«Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

Այսպիսով, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ»,- մասնավորապես ասաց ՀՀ Նախագահը:

«Համաշխարհային բանկի խումբը շարունակում է իր ջանքերը այս ոլորտում նեներդրումների, քաղաքականության երկխոսության և տեխնիկական գնահատման ուղղությամբ »,- իր ելույթում նշեց Լաուրա Բեյլին: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման վրա:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում կայուն էներգետիկ զարգացման միտումները: Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա է բարենպաստ ներդրումային մթնոլորտ այս ոլորտում:
Երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման նպատակով Սյունիքի մարզի Քարքար տեղանքում իրականացված հորատումները դրական արդյունքներ են տվել։ Նախատեսվում է շուրջ 30 մեգավատ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում, որի տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ։

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ
տեղադրելու համար առանձնացած է 6 տեղանք, որոնցից 3-ը գտնվում Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Գագարին, մնացած 3-ը Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ, Արմավիրի մարզի Մերձավան համայքների տարածքներում: Ընտրված տեղանքներում հնարավոր է տեղադրել ընդհանուր մոտ 110 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ:
Հայաստանում տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Առանձնացված հիմնական հեռանկարային տեղանքներն են` Զոդի լեռնանցքը, Բազումի լեռները՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքները, Ջաջուռի լեռնանցքը, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը:

2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 50 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան:

 

Հունվար 25, 2017 at 14:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր