Ռուսաստանը 1 միլիոն դոլլար է տրամադրում Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

Ռուսաստանը 1 միլիոն դոլլար է տրամադրում Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

ԷկոԼուր

Ռուսաստանը 1 միլիոն դոլլար է տրամադրում Հայաստանին` անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնությանը տրամադրած աջակցության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին` այս և նման այլ բնապահպանական ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար, ներկայացրել է ծրագրի հիմնական բաղադրիչները: Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել օրենսդրական դաշտը և կիրարկել համապատասխան քաղաքականությունը, հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան կառույցների դերերը և պարտականությունները իրենց լիազորությունները իրականացնելու համար: Ծրագիրը նաև ազգային և տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող և անվնաս անտառների ու դաշտերի միջև խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը և հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու և ճնշելու համար, ինչպես նաև պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն արձանագրել է, որ մեկնարկող ծրագիրը բնական աղետների դեմ պայքարի տարածաշրջանային ու միջազգային համագործակցության լավ օրինակ է:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշել է. «ՌԴ-ն հետևողականորեն մեծացնում է իր ջանքերը կայուն զարգացման ձեռքբերման նպատակով արտասահմանյան գործընկերներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ …»:

Միջոցառման ժամանակ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գերասիմ Վարդանյանին է հանձնել ռադիոկապի միջոցներ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջնային անհրաժեշտություն էին, և որի պակասն իրեն զգացնել էր տվել արգելոցում հրդեհի բռնկման ժամանակ:

17:17 Սեպտեմբեր 12, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news