ԷկոԼուր
Գոշ լճի բնականոն վիճակն վերականգնված է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլին սոցիալական ցանցերով ահազանգ տարածվեվ, որ Գոշ լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության մաքրման աշխատանքներ են կատարվում: Պարզվեց, որ աշխատանքներն իրականացրել է Գոշ տարածքը վարձակալող «Վենդոռ» ՍՊԸ-ն: ՀՀ բնապահպանության նախարարի կարգադրությամբ աշխատանքները դադարեցվել էին, գնահատվել էր կատարված աշխատանքի ծավալը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ծառայողական քննության արդյունքում նկատողություն էր հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան տեղամասի անտառապետին, որը տեղեկացված պետք է լիներ ընկերության կողմից լիճը տիղմից մաքրելու աշխատանքների մեկնարկի մասին: Վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Վենդոռ» ընկերությունը՝ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության լճի տարածքում աշխատանքներ նախաձեռնելու համար:
Գոշ լճի ափամերձ տարածքները տիղմից մաքրման և բարեկարգման բոլոր աշխատանքներն իրականացվել են «Դիլիջան» ազգային պարկի մասնագետների կողմից՝ «Վենդոռ» ընկերության միջոցների հաշվին, որպեսզի մասնագիտական մոտեցմամբ նվազագույնի հասցվի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա: Աշխատանքների ողջ ընթացքը վերահսկել է ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբը: «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները համապետական շաբաթօրյակի շրջանակներում այս տարածքում իրականացրել են նաև աղբից մաքրման աշխատանքներ:
Օգոստոս 09, 2017 at 16:07