ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունները ստորագրեցին համաձայնագրեր թվային միջավայրում համագործակցության մասին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունները ստորագրեցին համաձայնագրեր թվային միջավայրում համագործակցության մասին

ԷկոԼուր

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը համագործակցության համաձայնագրեր ստորագրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ոլորտի մասնագետներ:

Համագործակցության համաձայնագրերը նախատեսում են համատեղ գիտատեխնիկական ներուժի միջոցով իրականացնել հետազոտական ծրագրերի արդյունքների ներդրումը, ստեղծել ընդհանուր հաշվողական միջավայր, նախագծել և ներդնել ժամանակակից հաշվողական մոդելներ, թվայնացնել բազմաթիվ դիտարկումների տվյալներ, զարգացնել ծառայությունների ավտոմատ կառավարման համակարգեր։

«Մենք հնարավորություն ունենք մեր հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու և մեր արդյունքները հասցնելու ժամանակակից որակի»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Կարևոր է համաձայնագիր ունենալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և համագործակցել ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ միջազգային դրամաշնորհներին ակադեմիայի ուղիղ ներգրավմամբ: Մեր նպատակն է ունենալ հզոր համակարգ, որը շրջակա միջավայրի բոլոր կոմպոնենտների մասով կիրականացնի մոնիթորինգ և կտա կանխատեսումներ»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մեզ պետք է գերհզոր համակարգիչներ տեղակայել Հայաստանում, որպեսզի մենք հետ չընկնենք աշխարհի ժամանակակից գործընթացներից հատկապես կանխատեսումների և վաղ ազդարարման համակարգերի տեսանկյունից»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Համագործակցության շրջանակներում նախատեսվող գործունեությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը նշեցին մի շարք խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել գերհզոր հաշվողական համակարգերի միջոցով:

Համաձայնագրով ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կտրամադրի իր բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսները, տվյալների պահոցներ, անհրաժեշտ ծրագրային ապահովումը եղանակի կանխատեսման համար` առավել արդյունավետ դարձնելու բնապահպանական կառավարումը: Հիդրոօդերևութաբանության, կլիմայագիտության բնագավառներում կիրականացվեն հետազոտական և կիրառական աշխատանքներ աղետների ռիսկերի մեղղման ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:

18:07 Հոկտեմբեր 05, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news