Հայկ Հարությունյան` 2018թ-ին Հայաստանում նախատեսվում է գործարկել 8 արևային կայան

Հայկ Հարությունյան` 2018թ-ին Հայաստանում նախատեսվում է գործարկել 8 արևային կայան

ԷկոԼուր

2018թ-ին նախատեսվում է Հայաստանում գործարկել 8 համակարգային արևային կայան: 2017թ-ին գումարային շուրջ 2.5 ՄՎտ հզորությամբ 3 արևային կայան արդեն գործարկվել է Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Փետրվարի 13-ին «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նախատեսվող խոշոր նախագծերից է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը:
«Մենք Մեծ Մասրիկ համայնքում 55 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման համար մրցույթ ենք հայտարարել, որը շատ յուրահատուկ է այն տեսանկյունից, որ սակագնի համար է մրցույթը: Այսինքն, այն ներդրողը, որը կառաջարկի նվազագույն սակագինը, կստանա իրավունք այդտեղ 55 ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցել: Երևի 1-2 ամսվա ընթացքում մենք կավարտենք մրցույթը և կներկայացնենք արդյունքները»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Անդրադառնալով արևային վահանակների արտադրությանը` Հայկ Հարությունյանը նշեց, որ 2017թ-ին Հայաստանում «Սոլարոն» ընկերության կողմից գործարկվել է արևային վահանակների առաջին արտադրությունը Տավուշում: «Այդ կայանը բավականին զարմացնող արդյունքներ է տալիս: Դրվածքային հզորությունը 147.8 կՎտ է: Այս տաք ձմռանը, երբ պետք է ավելի վատ արդյունքներ ունենար, օր է եղել, որ մինչև 153 ԿՎտ արտադրել է, այսինքն` նախագծայինից ավելի: Սա ցույց է տալիս, թր Տավուշի մարզում ունենք տնտեսապես շահավետ ռեսուրս, և մեր տեղական արտադրանքի վահանակները իրականում իրենց շատ լավ են դրսևորում: Այս տարի ունենք ևս մեկ ներդրումային ծրագիր` նմանատիպ վահանակների արտադրության, որին կառավարությունը տվել է մաքսային և հարկային արտոնություն, իսկ դրա գործարկումը կլինի Կոտայքի մարզում»,- ասաց Հայկ Հարությունյանը:

18:42 Փետրվար 13, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news