Կառավարության արտոնությունները Սևանա լճում ձկնաբուծական ծրագրին շարունակվում են

Կառավարության արտոնությունները Սևանա լճում ձկնաբուծական ծրագրին շարունակվում են

ԷկոԼուր

Կառավարության արտոնությունները Սևանա լճում ձկնաբուծական ծրագրին շարունակվում են: Հուլիսի 13-ին գործադիրը որոշեց Սևանա լճում ձկնաբուծթյուն իրականացնող «Սևանի իշխան» և «Սևանի ակվա» ՓԲԸ-ներին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել: «Սևանի իշխան» ՓԲԸ-ին 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 21,8 հեկտար հողամաս «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում` Կարճաղբյուր համայնքի վարչական տարածքում: Ընկերությունն այդ տարածքում նախատեսում է իրականացնել Սևանի իշխանի մանրաձկների բացթողման գործընթացը, ինչպես նաև ձվադրման վերադարձող ձկների կիթը և բեղմնավորումը:

«Սևան ակվա» ՓԲԸ-ին 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով կտրամադրվի 1.9466 հեկտար հողամաս «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում` Լճափ համայնքի վարչական տարածքում: Հողատարածքը տրամադրվում է երկրորդ ցանցավանդակային տնտեսության սպասարկումն ապահովելու համար: «Սևան ակվան» նախատեսում է Սևանա լճում տեղակայել ևս 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն` գործող ցանցավանդակի թիվը հասցնելով 24-ի:

Նշենք, որ սույն թվականի ապրիլի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց 2 միլիարդ դրամ նվիրաբերել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` Սևանա լճում ձկնաբուծության համար 12 ցանցավանդակներից բաղկացած ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն տեղադրելու համար, ինչպես նաև հետաձգեց «Սևան ակվա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետ և ազատեց մաքսատուրքերից:

Հիշեցնենք, որ 2016թ-ին «Սևան ակվա» ՓԲԸ-ին կառավարությունն առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրեց 0.6445 հեկտար հողամաս: Մինչ այդ էլ, գործադիրը 2015թ-ին «Սևանի իշխան» ՓԲԸ-ին մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարանի համար 25 տարի ժամկետով տրամադրեց 201.2361 հեկտար հողատարածք Կարճաղբյուր եւ Լճավան համայնքներում` «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում:

Ծրագիրը մեծ ռիսկեր է պարունակում Սևանա լճի և կենսաբազմազանության համար: Այդ ռիսկերն են`
• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում
• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ
• ցանցավանդակները որպես ֆիզիկական վտանգ կամ պատնեշ այլ կենդանիների համար
• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում
• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:

«Սևան ակվա» և «Սևանի իշխան» ՓԲԸ-ների 100 տոկոսանոց բաժնետերը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամն է: «Սևան ակվա» և «Սևանի իշխան» ընկերությունները ստեղծվել են «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման համար: Ծրագրով նախատեսվում է մինչև 2024թ-ը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով աճեցնել 50 000 տոննա գեղարքունի և ամառայն իշխան:

16:54 Հուլիս 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news