Հարավային Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծումն ուղեկցվում է տեղի համայքներին ցուցաբերվող աջակցությամբ

Հարավային Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծումն ուղեկցվում է տեղի համայքներին ցուցաբերվող աջակցությամբ

ԷկոԼուր

WWF-Հայաստանը, «Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամ»-ը և Վայոց ձորի Խաչիկ համայնքը ապրիլի 18-ին կնքել են «Բնության պահպանության եռակողմ պայմանագիր»: Պայմանագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու համայնքների կայուն զարգացմանը: «Սա էական բաղադրիչ է հարավային Հայաստանում էկոմիջանցքների ստեղծման աշխատանքներում, որն իրականացվում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրով, Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ: Պայմանագրի շնորհիվ արդեն իսկ €70 000 տրամադրվել է Խաչիկ համայնքի համար գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելուն: Սա կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մշակվող հողատարածքների քանակի ավելացմանը, վերջինս էլ կնպաստի տնային տնտեսությունների բարեկեցությանը և Խաչիկ համայնքի զարգացմանը»,- նշված է WWF-Հայաստանի հաղորդագրության մեջ: Պայմանագրի ստորագրման արարողակարգի շրջանակներում WWF-Հայաստանի կողմից Խաչիկ համայնքին հանձնվել է գյուղտեխնիկա և շուրջ 4000 պտղատու տնկի:


ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է Հարավային Կովկասի արևելյան միջանցքի կենսաբազմազանության ամբողջականության պահպանությանն ու համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը և նշել. «Այս ծրագրի մեկնարկով մենք սկսում ենք էկոմիջանցքների քաղաքականության պրակտիկ իրագործումը, որպեսզի մեր հարուստ կենսաբազմազանության պայմաններում, հատկապես, կենդանական աշխարհը կարողանա էկոմիջանցքների միջոցով ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա: Իսկ դա նշանակում է, որ այն համայնքները, որոնք գտնվում են այդ հատվածում, պետք է ստանան հնարավորություն, որպեսզի մի կողմից չվնասեն կենդանական աշխարհը, մյուս կողմից օգտվեն և սեփական եկամտի աղբյուրներ գտնեն ի դեմս զարգացման տարբեր ուղղությունների, այդ թվում` նոր անտառների հիմնումը, ինչը ոչ միայն կփոխի կլիմայական պայմանները Խաչիկ համայնքում, այլև նաև հնարավորություն կտա խաչիկցիներին անտառային բարիքներից նույնպես օգտվելու որպես իրենց եկամտի կայուն աղբյուր»:

Նույն օրը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բացվել է «Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն»: Այն հիմնվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF) և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ համագործակցությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ և Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Կենտրոնը հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով, համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների հետ, խորհրդատվություն է տրամադրելու անասնապահության բարելավման վերաբերյալ, ինչի շնորհիվ նվազելու է ճնշումն արոտավայրերի և բնական ռեսուրսների վրա:

14:01 Ապրիլ 20, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news