Հայաստանում նախատեսվում է ստեղծել բնապահպանական տեղեկատվական շտեմարան

Հայաստանում նախատեսվում է ստեղծել բնապահպանական տեղեկատվական շտեմարան

ԷկոԼուր

Հայաստանում նախատեսվում է ստեղծել բնապահպանական տեղեկատվական շտեմարան բնապահպանության նախարարության համակարգում, որտեղ կհավաքագրվի շրջակա միջավայրի բաղադրիչներին առնչվող ամբողջ քանակական և որակական տեղեկատվությունը: Բնապահպանական տեղեկատվական շտեմարանի ստեղծումը ներառված է Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ ծրագրի 2-րդ  փուլի մեջ:

«Միասնական տեղեկատվական բազաների ձևավորումը Եվրամիության պահանջներից է: Երկիրը պետք է ունենա տվյալներ իր ջրերի, տեղումների, էրոզացված հողերի, օզոնային շերտի և այլնի մասին: Տվյալները պետք է լինեն հավաստի: Այս համակարգի ստեղծումը կբարձրացնի տվյալների մատչելիության մակարդակը հանրության համար: Մենք կունենանք տեղեկատվական պատկեր, որը հիմք կծառայի վերլուծաբանների, որոշումներ կայացնողների համար, կունենանք որոշումներ կայացնելու և հակազդելու տեղեկատվական հիմք», - ասաց ծրագրի հայաստանյան համակարգող Յուրա Պողոսյանը դեկտեմբերի 6-ին ծրագրի վերաբերյալ Երևանում անցկացված սեմինարի ժամանակ: Մասնակիցների թվում էին Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության, Հայաստանում պետական և հասարակական սեկտորների ներկայացուցիչներ:

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության կողմից ծրագրի համակարգող Ժան-Նիկոլաս Փոսարթը նշեց, որ ծրագիրը նախատեսում է համապատասխանեցնել տվյալների հաշվարկման և ստացման մեթոդը միջազգային ստանդարտներին:

Սեմինարի ժամանակ քննարկվեց ծրագրի ջրի բաղադրիչի իրականացման թեման:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ներկայացուցիչ Էդգար Սիսակյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ջրային հաշվեկշիռը կազմված չէ: ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչն արձագանքեց, որ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը չի կարողանում իրագործել այդ ֆունկցիան ֆինանսների բացակայության պատճառով:

«Ջրային հաշվեկշիռը ջրերի կառավարման հիմքն է: Մենք պետք է իմանանք` ինչ ունենք, ինչքան են կազմում մեր վերականգնվող ռեսուրսները: Ես կարծում եմ, որ ծրագիրը կաջակցի այս խնդրի լուծմանը», - նշեց Յուրա Պողոսյանը: Իսկ Ժան-Նիկոլաս Փոսարթը հավելեց, որ  ծրագիրը կտրամադրի միայն իրավիճակային գնահատական, և 2019 թ-ին պատրաստ կլինի վերլուծական զեկույց Հայաստանի ջրային ռեսուրսների քանակի և որակի վերաբերյալ:

 

13:31 Դեկտեմբեր 07, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news