Էներգետիկայի նախարար` ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը

Էներգետիկայի նախարար` ունենք  հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը

ԷկոԼուր

Հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվել է էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակի ուսումնասիրության արդյունքների մասին: Նախարար Գրիգորյանը նշել է. «Ձեր հանձնարարականի համաձայն՝ նախաձեռնել ենք բոլոր հնարավոր միջոցները և քննարկում ենք իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Դրանք հիմնականում պայմանավորված են ատոմակայանի նախադեպը չունեցող այս տարվա ընթացքում նորոգման և աշխատանքի երկարաձգման հետ: Պատմության մեջ ընդհանրապես չի եղել, որ ատոմակայանը այս կարգով կանգնի, և կատարվեն երկարաձգման աշխատանքներ: Կան նաև գազի գնի հետ կապված ռիսկեր: Մենք մինչև այս տարվա վերջ Ռուսաստանի հետ ունենք սահմանի վրա 150 դոլար գնով գազի ներմուծման պայմանավորվածություն, որը տարվա վերջին պետք է վերանայենք: Ունենք ռիսկ դոլար-դրամ հարաբերության հետ կապված: Հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը` գտնում ենք, որ մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազարն է: Սա նախնական թիվն է: Մենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կճշտենք վերջնական թիվը: Եվ մեր հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ ժամկետում դա կարելի է իրականացնել: Ի պատասխան՝ Արթուր Գրիգորյանն ասել է. «Մենք ունենք երկու տարբերակ. առաջին, որ իրականացնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին և երկրորդ, որ մեր բանակցությունները Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ՝ ի դեմս սեփականատեր «Տաշիր» ընկերության պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի իրենք իրենց շահույթի հաշվին սակագները ուղղակի նվազեցնեն 10 դրամով: Այստեղ ունենք նաև մեկ այլ առավելություն. եթե մենք «Տաշիր» ընկերության հետ կազմակերպենք սակագնի վերանայումը, մեզ մոտ նաև չեն նվազի հարկերը: Սակագինը մնում է նույնը, սակայն նրանք պակաս են գանձում գումարը, և արդյունքում մենք նաև հավելյալ կանխատեսվող գումարը, որը պետք է մուտաքգրվեր բյուջե, մուտքագրում ենք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Առնվազն Ձեր ասածն ընդունում ենք ի գիտություն, բայց անընդհատ Դուք այնքան ռիկսերի մասին խոսեցիք, տպավորություն էր, թե այլ կարգի ռիսկերի մասին ոչ մի բան չասացիք: Չասացիք, թե այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկեր ունե՞նք, թե՞ չունենք, չարաշահումների ոչ արդյունավետ կառավարման ռիսկեր ունե՞նք, թե՞ չունենք: Ես առաջարկում եմ, որ Դուք շարունակեք ուսումնասիրությունը և առաջիկայում կգաք զեկույցի՝ ավելի մանրամասն այդ թեմայով քննարկում ունենալու և այդ քննարկումը պետք է շարունակվի, որպեսզի մենք համոզվենք, որ այդտեղ ամեն ինչ ճիշտ է և արդյունավետ:

Պայմանավորվում ենք, որ առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը իջնելու է»:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Լուսանկարը` www.primeminister.am կայքից

19:49 Հունիս 08, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news