Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշրջանային առաջին երկիրը

Հայաստանը դարձել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի արժանացած տարածաշրջանային առաջին երկիրը

ԷկոԼուր

ՀՀ Օզոնի ազգային կենտրոնը «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 30-րդ ամյակին նվիրված մրցանակաբաշխության «Կրեատիվ աշխատանք երիտասարդների հետ» անվանակարգում արժանացել է «Օզոնային շերտի պահպանության» մրցանակի: Հայաստանը առաջին երկիրն է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի երկրների մեջ, որն արժանացել է նման մրցանակի: Մրցանակաբաշխությունը կայացել է սույն թվականի նոյեմբերի 20–ից 24-ը Մոնրեալում անցկացված «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում Ուզբեկիստանի ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ Հայաստանը ներկայացնող Լուսինե Թորոսյանի լուսանկարը «Օզոնային շերտի պահպանություն» անվանակարգում արժանացել է առաջին պատվավոր տեղին: ՀՀ օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն էլ ընտրվել է Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 11-րդ հանդիպման համանախագահ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում Մոնրեալի արձանագրության իրականացմանը նպաստող կարևորագույն նվաճումները, արձանագրության իրականցումից քաղված դասերը և դրանք այլ բնապահպանական խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև օզոնային շերտի ուսումնասիրությունների կայունությունն ապահովելու հնարավոր ուղիները ու Մոնրեալի արձանագրության իրականացման հաջորդ քայլերը:

Հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվել է, որ Մոնրեալի արձանագրության ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոֆտորածխածիններ կարգավորող Կիգալիի ուղղումն արդեն վավերացվել է 21 երկրների կողմից, ինչն անհրաժեշտ էր ուղղումն ուժի մեջ մտնելու համար:
Միջազգային հանրության միահամուռ ջանքերի շնորհիվ ողջ աշխարհում արդեն հաջողվել է կրճատել օզոնաքայքայիչ նյութերի շուրջ 99%:

 

17:15 Նոյեմբեր 29, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news