Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կրկին կերկարաձգվի

Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կրկին կերկարաձգվի

ԷկոԼուր

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 10-ին ՀԱԷԿ այցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի կողմից ՀԱԷԿ-ի արդիականացման նպատակով տրամադրված վարկի մարման ժամկետի երկարաձգման մասին մինչև 2030 թ-ը և ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի հնարավոր երկարաձգման մասին 2026 թ-ից հետո: Դեսպանը հղում է արել Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության վրա, որը նախատեսված է մինչև 2036 թ-ի համար, սակայն նշել է 2040 թ-ի մասին: Հավանաբար, մինչև այդ թվականն էլ նախատեսվում է երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը:

«Այս տարի մշակված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը միջնաժամկետ հեռանկարում կմնա Հայաստանի կարևորագույն էներգետիկ օբեկտներից մեկը։ Վերջին շրջանում Ռուսաստանին ու Հայաստանին հաջողվել է կայացնել մի շարք կարևոր որոշումներ, որոնք թույլ են տվել երկարաձգել ռուսական վարկային գծի ժամկետը, համաձայնեցնել մնացած աշխատանքների ծրագիրն ու նայել առաջ՝ առնվազն մինչև 2030 թվականը։ Դրանք կարևոր ռազմավարական որոշումներ են, որոնք ամբողջովին համահունչ են մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման վերջերս նորացված ռազմավարությանը, և թույլ են տալիս մեր հայ ընկերներին, առավել հանգիստ պայմաններում, մի կողմից գրագետ կազմել սակագնային քաղաքականությունը, մյուս կողմից՝ երաշխավորված ապահովել բարեկամ Հայաստանի բոլոր սպառողների համար էժան և էկոլոգիապես մաքուր էներգապաշարներ։ Կարևոր է՝ նշվածն իրականացնել համաձայնեցված ժամկետներում», - դեսպանի խոսքերն է մեջբերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքը:
ՀԱԷԿ այցի ժամանակ Ռուսաստանի դեսպանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել են 2019 թ-ի ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Իրականացված միջոցառումների արդյունքներով դրական եզրակացություն է տրվել ռեակտորային սարքավորումները մինչև 2026 թվականը շահագործելուն։ Այդ ժամկետը հաստատվել է անհրաժեշտ հաշվարկներով և ինժեներական հետազոտություններով:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի շահագործվող էներգաբլոկի անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթ խնդիրներից է և գտնվում է կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում: ՀԱԷԿ-ն էլեկտրաէներգիա է արտադրում բազիսային ռեժիմում, որը հանրապետության էլեկտրաէներգիայի սպառման ընդհանուր հաշվեկշռի 30-40%-ն է կազմում, իսկ իր ողջ հզորությամբ գործելու դեպքում կապահովի Հայաստանի էներգետիկ պահանջարկի 50 տոկոսը՝ հնարավորություն տալով երկրի համար ապահովել պատշաճ մակարդակով էներգետիկ անվտանգություն և անկախություն:

«ՀՀ-ն խնդիր ունի էներգետիկ առումով լինել ոչ միայն ինքնաբավ, այլ նաև շարունակել լինել արտահանող երկիր։ Հարկ եմ համարում նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացումը մշտական գործընթաց է, այն իրականացվում է վերագործարկման պահից և կշարունակվի մինչև կայանի շահագործման վերջին օրը»,- ընդգծել է նախարարը և հավելել․«Մեր ատոմակայանը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները և միջազգային կառույցների տված բարձր գնահատականը խոսում է այն մասին, որ մեր հարևանների կողմից անվտանգությունը կասկածի տակ դնող մտահոգությունները տեղին չեն», - ասել է Սուրեն Պապիկյանը:

Իր հերթին ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հայտնել է, որ արդեն իսկ ընթանում են կայանի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի քննարկումները, և ուսումնասիրվում է 5 կամ 10 տարով երկարաձգելու հարցը։

Արդիականացվել են ղեկավարման ու պաշտպանության համակարգի էլեկտրասարքավորումները և կատարվել է ռեակտորի իրանի գործիքային հետազոտություն՝ համաձայն ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ՄԱԿԿ) ներկայացրած պահանջների: Բոլոր աշխատանքները կատարվել են ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարձրացման և էլեկտրաէներգիայի արտադրության (10-12%) արդյունավետության բարձրացման նպատակով՝ առանց միջուկային վառելիքի լրացուցիչ ծախսի:

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի նպատակն է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը 10 տարով՝ մինչև 2026 թվականը։ Այդ նպատակով ՌԴ-ն Հայաստանին տրամադրել է 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ:

 

Դեկտեմբեր 11, 2019 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր