«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումների համար հարուցվել է քրեական գործ

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում  արձանագրված խախտումների համար հարուցվել է քրեական գործ

ԷկոԼուր

Քրեական գործ է հարուցվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումների պատճառով:

Այս կապակցությամբ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է. «ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:

Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ամբողջովին ընդունել են պայմանագրերով նախատեսված, սակայն մասնակի կատարված աշխատանքները՝ էական վնաս պատճառելով պետության գույքային շահերին, ստորագրել և հաստատել են ակնհայտ կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր, հանձնման-ընդունման արձանագրություններ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Ապրիլ 25, 2018 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր