5000 դրամ օրավարձ՝ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների համար

5000 դրամ օրավարձ՝ անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների համար

ԷկոԼուր

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով: Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է 2020 թ.-ին 10 մլն ծառ տնկել:

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը 3 ամիս է: Աշխատանքներում ընդգրկված քաղաքացիներին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 5 հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցություն կցուցաբերվի Հայաստանում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով կաապահովվեն մարզերում բնակվող գործազուրկ քաղաքացիները։

Նշենք, որ վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են ՀՀ մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և կամ սահմանամերձ բնակավայրերում:

Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ անտառավերականգնման բաղադրիչ է պարունակում նաև ՀՀ կառավարության կողմից ս.թ. ապրիլի 30-ի նիստում հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։ Մասնավորապես, միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ: Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար:

 

13:48 Մայիս 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news