Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 14՝ «Լեռ-էքս» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 14՝ «Լեռ-էքս» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում:

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզում Հանքասարի պղինձամոլիբդենային հանքավայրը շահագործած «Լեռ-էքս» ՍՊԸ-ի հայտարարագրին:

«Լեռ-էքս» ՍՊԸ-ն գրանցվել է 1999 թ-ի օգոստոսի 23-ին: Ընկերությունը պատկանել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին, իսկ 2012 թ-ի օգոստոսի 22-ին ընկերության 100% բաժնետերը դարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ-ի հայտարարագիրը՝ այստեղ):

1-ին իրական սեփականատերը Գերմանիայի քաղաքացի Թոմաս Պետեր Հայլն է, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի բաժնետեր 2020 թ-ի մարտի 27-ից: Նա աշխատում է Գերմանիայում գտնվող «Սի 2 Քափիթալ» ՍՊԸ-ում, համատեղությամբ նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում:

2-րդ իրական սեփականատերը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացի Միխայիլ Զուրաբովն է, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի սեփականատեր 2020 թ-ի փետրվարի 3-ին։ Զուրաբովն աշխատում է գտնվող «Մոսկովյան բաժնետիրական ապահովագրական ընկերություն» ԲԸ-ում:

3-րդ իրական սեփականատերը կրկին ՌԴ-ի քաղաքացի, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն է: Նա ընկերության 7.5 տոկոսի բաժնետեր է դարձել 2018 թ-ի հունիսի 20-ին։

4-րդ իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Նարեկ Ամբարյանն է՝ 2.5 տոկոս բաժնեմասով, որը նա ձեռք է բերել նույն օրը, ինչ Մհեր Պոլոսկովը՝ 2018 թ-ի հունիսի 20-ին: Սմբարյանն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում:

5-րդ իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյանն է, կրկին 2.5 տոկոս բաժնեմասով, որը նա ևս ձեռք է բերել 2018 թ-ի հունիսի 20-ին: Որպես նրա աշխատանքի վայր նշված է ՀՀ-ում գտնվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն:

6-րդ իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի, «Լեռ-էքս» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ոսկանյանն է: Նրա մասնակցության վերաբերյալ տվյալներ չկան:

Այսպես, հայտարարագրում բացահայտված են ընկերության միայն 37.5 տոկոս բաժնեմասի սեփականատերերը: Նշվում է, որ մնացած 62.5 տոկոսի սեփականատերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, իսկ ֆիզիկական անձանց անուններ բացահայտված չեն:

Սեփականատերերի միջանկյալ ընկերությունները

Առաջին հինգ իրական սեփականատերերն ընկերությունում ունեն անուղղակի մասնակցություն: Նրանց մասնակցությունն ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջոցով:

Թոմաս Հայլի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է նաև «Սի 2 Քափիթալ» ՍՊԸ-ն՝ ԶՊՄԿ-ի միջոցով:

Մհեր Պոլոսկովի, Նարեկ Ամբարյանի ու Կարեն Հակոբյանի դեպքում որպես միջանկյալ ընկերություններ գործում են նաև Հայաստանում գտնվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն և «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ-ն՝ կրկին ԶՊՄԿ-ի միջոցով:

Միխայիլ Զուրաբովի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է նաև Հայաստանում գտնվող «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն՝ ԶՊՄԿ-ի միջոցով, «ՄՈՒՆ ՄԵԹԱԼՍ» ՓԲԸ-ն՝ հայաստանյան «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի միջոցով, և Կիպրոսում գտնվող «ՎՈԼՆԸՐԹ ՖԱՅՆԵՆՍ ԼԻՄԻԹԵԴ»-ը՝ «ՄՈՒՆ ՄԵԹԱԼՍ» ՓԲԸ-ի միջոցով:

10:10 Հունիս 03, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news