10 տարվա ընթացքում մաքրվել է Սևանա լճի ափամերձ 2031.2 հեկտար տարածք

10 տարվա ընթացքում մաքրվել է Սևանա լճի ափամերձ 2031.2  հեկտար տարածք

ԷկոԼուր

2005-2015թթ. ընթացքում մաքրվել է Սևանա լճի ափամերձ 2031.2 հեկտար տարածք: 2005-2016թթ. անտառատնկման աշխատանքներ են իրականացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող 244.2 հա տարածքներում:

Սևանա լճի մակարդակը մինչև 2030 թվականը 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն լճում: 2005թ-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է լճի ափամերձ տարածքների բուսածածկույթից մաքրման աշխատանքներ: ԷկոԼուրը հարցում էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե՝
• 2005թ-ից մինչ օրս որքան հեկտար տարածք է մաքրվել ծառաթփային բուսականությունից, և պետբյուջեից որքան գումար է հատկացվել այդ գործընթացի համար
• Որ համայնքների և որքան հեկտար տարածքներում են անտառատնկումներ իրականացվել և որ կառույցների, ծրագրերի ֆինանսավորմամբ:
• Վերականգնվել է տնկարանը, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության 2012թ-ի նոյեմբերի 15-ի N 1441-Ն «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՀԻՄՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2014-2023 ԹԹ.)» որոշմամբ:
• Լճի ափերի ծառաթփային բուսականության մաքրման և անտառատնկման ինչ ծավալի աշխատանքներ են նախատեսված 2017թ-ին:

ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանը նամակով տեղեկացրել է. ««Սևանա լճի ջրածածկ անտառնկարկների մաքրման ծառայությունների» ծրագրի շրջանակներում 2005-2015թվականներին մաքրված անտառտնկարկների ընդհանուր մակերեսը կազմել է 1734.4 հեկտար, ինչի համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1,043,941 հազար դրամ: ՀՀ պետական բյուջեի միջոցներով տարվող աշխատանքներին զուգահեռ, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված ջրածածկ անտառտնկարկների մաքրման պայմանագրերի համաձայն, 2005-2015 թվականներին ևս մաքրվել է 296,8 հեկտար տարածք:
2016թ. մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսված է 125,0 միլիոն դրամ արժողությամբ 93,73 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներ:

ՄԱԶԾ-Եվրամիություն համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Կլիմա Իստ» Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող 33,2 հեկտար տարածքներում 2015-2016 թվականներին կատարվել են անտառտնկման աշխատանքներ, որոնց խնամքի աշխատանքները նույն ֆինանսավորմամբ շարունակվում է նաև 2016թ.,իսկ հաջորդող տարիների խնամքի աշխատանքները կիրականացվեն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող տարածքներում 2005-2016 թվականներին ազգային պարկի կողմից կատարվել են 211 հեկտար անտառտնկման աշխատանքներ:
Համաձայն ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման վերարտադրման բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017թ. տարեկան ծրագրի»` 2017թ. նախատեսված է 125,4 միլիոն դրամ արժողությամբ 93 հեկտար անտառտնկարկների մաքրման աշխատանքներ»:

16:49 Հոկտեմբեր 31, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news