Կառավարությունը Ջրային կոմիտեին հատկացրեց ավելի քան 450 միլիոն դրամ

Կառավարությունը Ջրային կոմիտեին հատկացրեց ավելի քան 450 միլիոն դրամ

ԷկոԼուր

Կառավարությունը հուլիսի 25-ի նիստին որոշում ընդունեց ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով Ջրային կոմիտեին 450,517.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:

Գործադիրի պաշտոնական կայքի համաձայն՝ որոշման ընդունումը բխում է ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության, ի դեմս՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ միջև 2018 թ. դեկտեմբերի 12-ին կնքված N 8 համաձայնագրի պահանջից:

450,517.0 հազ. դրամը կուղղվի համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը: Նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ համաձայնագրի շրջանակում վերջին 1 տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, և հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են:

ՀՀ փոխվարչապետ Ավինյանը նշել է. «Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, և ընդհանուր առմամբ այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է. պետք է առիթը բաց չթողնել և ևս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը»:

17:13 Հուլիս 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news