ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում սողանքի ակտիվացմանը հիմնականում նպաստել են ստորգետնյա ջրերը, սողանքի վերևում գտնվող ջրավազանը, ինչպես նաև՝ մոտակայքում գտնվող երկաթգիծն ու ավտոճանապարհը: Պատճառները ներկայացրել է ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը հունվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը:
Կարապետ Վարդանյանը նշել է, որ ակտիվացած սողանքի երեք օջախներում օպերատիվ կերպով իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ, որոնք արդեն այս պահին տալիս են իրենց արդյունքը՝ նվազեցնելով սողանքի ռիսկը: Հունվարի 25-ից արդեն սողանքի տարածքում կկատարվի հորիզոնական հորատում:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Թումանյանի սողանքի ակտիվացման դեպքում շատ արագ են արձագանքել բոլոր գերատեսչությունները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնել սողանքի ռիսկը: Այժմ աշխատանքներ կտարվեն ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ: Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի ՀՓՋ-ի ուժերով տեղում սահմանված է շուրջօրյա հերթապահություն, կատարվում է նաև սողանքի շարժի մշտական մոնիթորինգ: Սողանքի տարածքում բնակվող երկու ընտանիքները նախազգուշացվել են հնարավոր վտանգի մասին, նրանք ապահովվել են այլ բնակարանով՝ մինչև վտանգի ամբողջական չեզոքացումը:
Հունվար 25, 2018 at 16:19