Հայաստանի երեք մարզերում կարտադրեն էկոլոգիապես մաքուր գյուղմթերք

Հայաստանի երեք մարզերում կարտադրեն էկոլոգիապես մաքուր գյուղմթերք

ԷկոԼուր

Այսօր՝ մարտի 1-ին, մեկնարկեց «Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագիրը: Այն իրականացվելու է կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի և հարմարվողականության միջոցառումների շրջանակներում: Ծրագրով նախատեսվում է համայնքներում ներդնել ագրոկենսաբազմազանության կայուն կառավարման այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հողերի կայուն կառավարման նորագույն փորձը, արժեքավոր բուսատեսակների հավաքման և կայուն բերքատվության մեխանիզմների ապահովումը, ֆերմերային տնտեսությունների վարման տեխնոլոգիաների կատարելագործումը, էկոլոգիապես մաքուր արտադրանքի սպառման նոր շուկաների ներգրավումը: Ծրագրի թիրախային տարածքներն են Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերը: Այս տարածքներում նախատեսված գործողությունները կնպաստեն վայրի բուսատեսակների և կենսաբազմազանության պահպանմանը և նաև հնարավորություն կստեղծեն համայնքների բնակչության եկամուտների աճի ավելացման համար: «Այն բույսերը, որոնք այսօր արդեն Կարմիր գրքում են, օգտագործվել են և որպես դեղորայք, և որպես կերակրատեսակ, մենք փորձելու ենք ավելացնել այդ բուսատեսակների տարածքները: Նաև հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մենք կարողանանք ստեղծել էկո արտադրանք, որովհետև այսօր ամբողջ աշխարհը գնում է այս տեսակին: Բոլորը ցանկություն են հայտնում շուկայից ձեռք բերել մաքուր արտադրանք», - լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և հավելեց, որ հիմնականում ընտրվել են այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր կլինի ստանալ էկո արտադրանք: «Միևնույն ժամանակ այդ տարածքները պետք է կապ ունենան շուկայի հետ, որպեսզի գյուղացին կարողանա իր արտադրանքը հասցնել շուկա», - շեշտեց Արամայիս Գրիգորյանը:

Ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը հայտնեց, որ ծրագիրը սկսվելու է հետազոտական աշխատանքներով: Այնուհետև ստացված  տվյալների հիման վրա կմշակվի պլան՝ կանխարգելիչ աշխատանքներ և ադապտացիոն գործողություններ իրականացնելու համար:

Ծրագիրը շարունակական է լինելու: Առաջին փուլի ժամկետը մեկ տարի է, բյուջեն կազմում է 800 հազար դոլար:

«Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի աջակցությամբ:

14:30 Մարտ 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news